Գոյականի թիվը
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։
Շեղումներ կանոնից
- Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։
Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։
- Կին-կանայք, մարդ-մարդիկ
- Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա` ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
- Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։
Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։
Առաջադրանքներ
- Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: