Գոյականի տեսակները
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
- Հասարակ և հատուկ գոյականներ
- Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
- Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
- Շնչավոր և անշունչ գոյականներ
- Անորոշ և որոշյալ գոյականներ
Հասարակ և հատուկ գոյականներ
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:
Հատուկ անուններ են՝
- Անձնանունները
- Տեղանունները
- Կենդանիներին տրվող անունները
- Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….
Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…
Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Շնչավոր և անշունչ գոյականներ
Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝
- հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
- հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)
Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։
Առաջադրանքներ
- Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):
Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք:
2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վեր.ապես նրանք հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը եր.ում էին: Արշավախմբի .րոնումները ցն.ող ար.ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:
3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
4. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:
5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
Լրացուցիչ աշխատանք
- Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:
աշխարհ ուրախություն հետախույզ սարդ
Նեղոս հիացմունք երգչուհի աղջիկ
աղվես մահճակալ սեր պարուհի
աթոռ խաղաղություն ուսուցիչ օդաչու
աշխատանք վայելք բժիշկ մկրատ
Գոյականի թիվը
2 Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները, օրինակ` դժգույն-գունատ:
Անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:
5. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները, օրինակ` քերել-քերիչ:
Գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել: