Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ
Հարցեր և առաջադրանքներ
- Ճի՛շտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:
3. Առակն աշխարհաբար դարձրու:
4. Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
5. Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
6. Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
7. Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
8. Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.
Ի՞նչ բռնեց որսորդը:
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
4. Առակն աշխարհաբար դարձրու:
5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:
6. Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:
Վարդան Այգեկցի
Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.
Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:
2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
ասէ, որդիքն, սկսան, յայգին մեր, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:
3. Աշխարահաբար դարձրու առակը:
4. Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:
5. Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:
Վարդան Այգեկցի
Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
Բառարան
Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու
գայ — գալիս է
ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն — առյուծին
ծնանիս — ծնում ես
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
ասէ — ասում է
ծնանիմ — ծնում եմ
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերը.
Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:
2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:
3. Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.
Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:
4. Ի՞նչ է ցույց տալիս առակը:
5. Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:
Մխիթար Գոշ
Արջ եւ մրջիւն
Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:
Բառարան
մրջեան — մրջյունի
փորէր — փորում էր
ժողովէր — ժողովում էր (հավաքում էր)
ուտէր — ուտում էր
հնարի — հնարում է, հնար է գտնում
սատակել — սպանել
երթեալ — գնացել, գնացած, գնալով (այստեղ` գնում է)
պիծակ, գոռեխ, մժեխ, շանաճանճ, բրետ — միջատներ
գոռեխ եւ մժեղ եւ շնաճանճ եւ բրետ — պիծակի, գոռեխի, մժեղի, շնաճանճի և բրետի մոտ
առ նմանք սոցին — սրանց նմանների մոտ
աղաչէ — աղաչում է
ազգայինք — ազգայիններ
ցաւակցեն — ցավակցում են
հարկանեմ — 1. Խփել, ծեծել, տանջել 2. Վիրավորել, խոցել, խայթել
հարկանեն — խայթում են
հարկանէ — խփում է
նեխի — նեխում է
որդունք — որդեր
եւս — նաև, էլ
ծնանին — ծնվում են
ի սաստկութենէ — սաստկությունից
ցաւոց — ցավերի
բացեալ — բացած, բացելով
գոչէր — գոչում էր
նոցա մտեալ յորովայնն — նրանք մտնելով որովայնը
խոցոտեն — խոցոտում են
զաղիսն — աղիները
նեղեալ — նեղված, նեղվելով
դիմէ — այստեղ` գնում է
ի հոսանս ջրոյ — ջչի հոսանքին
այնչափ ներքս մտեալ — այստեղ` այնքան խորն է մտնում
հեղձանի — խեղդվում է
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերը.
զբոյն, մրջեան, լեզուաւ, մրջիւն, զնա, երթեալ, զլսելիս, զքարի, զբերան, բացեալ, մտեալ, նեղեալ, յորովայնն, ջրոյ:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառակապակցությունները.
զբոյն մրջեան, զաչս եւ զլսելիս արջուն, ի սաստկութենէ ցաւոց:
3. Բարձրաձայն կարդա առակը`
ա) հանելով բոլոր եւ — երը և համապատասխանաբար փոխելով հնչերանգը
բ) ինչպես գրված է, պահպանելով բոլոր եւ — երը: Ի՞նչ տարբերություն նկատեցիր:
4. Աշխարհաբար դարձրու առակը:
5. Ի՞նչ է ցույց տալիս առակը:
6. Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր այլ կենդանիների մասին:
7. Ինքդ վերնագրիր այս առակը:
ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
— Զի տացես յուս զբեռն իմ:
Բառարան
ի միում աւուրց — մի օր
ծեր ոմն — մի ծերունի, մի ծեր մարդ
հատեալ — կտրած, կտրելով
յանտառէ — անտառից
յուս — ուսին
բերէր — բերում էր
այլ — այստեղ` և
պարտասեալ — հոգնած, հոգնելով
զճանապարհայն — ճանապարհին
հարկեցաւ — հարկադրվեց, ստիպված եղավ
երկիր — այստեղ` գետին
յերկիր — գետնին
յօգնութիւն — օգնության, օգնության համար, օգնելու
կարդալ — կանչել
զՄահ — Մահին
յանդիման եկն — դիմացից եկավ, ընդառաջ եկավ
եհարց — հարցրեց
ցնա — նրան
եթէ — այստեղ` թե
առ ի՞նչ — ինչի՞ համար
կոչէր — կանչում էր
զնա — նրան
յայնժամ — այդ ժամանակ
զահի հարեալ — ահաբեկված, ահաբեկվելով
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
տացես — տաս, կտաս, պիտի տաս, տալու ես
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերը.
զճանապարհայն, զբեռն, զՄահ, զնա, հատեալ, բարձեալ, պարտասեալ, զահի հարեալ, յանտառէ, յուս, յերկիր, յօգնութիւն, յանդիման, յայնժամ, իւր:
2. Աշխարհաբար դարձրու այդ բառերն ու բառակապակցությունները.
բարձեալ, բարձեալ յուս իւր, զբեռն իւր, երեւեցաւ, ասէ, զբեռն իմ:
3. Գտի՛ր և արտագրի՛ր հարցերի պատասխանները.
Ի՞նչ արեց հոգնած ծերը:
Ի՞նչ հարցրեց Մահը:
Ի՞նչ պատասխանեց ծերունին:
4. Աշխարհաբար դարձրու առակը:
Անտառից ուսով փայտ բերող մի ծերունի…
5. Ի՞նչ է ցույց տալիս առակը:
6. Առակի համար նոր վերնագիր մտածիր:
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ
Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:
Բառարան
թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ — հնդկաց թագավորը մի թռչուն ուներ
արկաներ — այստեղ` ածում էր
ականս — ակներ (թանկարժեք քարեր)
լուեալ արքային յունաց — հունաց արքան լսելով
այնմ — այն
առաքեմ — ուղարկել
հրեշտակ — պատգամավոր, դեսպան
ետ — տվեց
հայցեաց — հայցեց
երագութիւն — արագություն
անցանէր ընդ թռչունս — թռչուններից անցնում էր
խնդիրքն — խնդրանքները
երկաքանչիւրն — երկուսից յուրաքանչյուրը, երկուսն էլ
կատարէին — կատարում էին, (այստեղ` կատարեցին)
ի Յոյնս — Հունաստան
հաւ — թռչուն, հավք
ի գալ հաւուն ի Յոյնս — գալով Հունաստան թռչունը
այլոց — ուրիշների
ածէ — ածում է
ձիոյն երթեալ ի Հնդիկս — գնալով Հնդկաստան ձին
կաղայր — կաղում էր
ոչ արշաւեր — չէր արշավում
դարձուցանէ — դարձնում է, վերադարձնում է
զերիւարն — երիվարը
յոյժ — շատ
յինքեանցն երթեալ տեղիս — գնալով իրենց տեղերը
լինէին — լինում էին / այստեղ` եղան/
ըստ առաջին օրինակին — առաջվա նման
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերը.
զձու, զձի, զթռչուն, լուեալ, խնդրեաց, հայցեաց, առաքեաց, երագութեամբ, երթեալ, յունաց, ի Յոյնս, յոյժ, յինքեացն, ձիոյն, երկաքանչիւրքն, իւրաքանչիւրքն:
2. Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
Թագաւոր հնդկաց, արքայ յունաց, առաքեաց, խնդրեաց, հայցեաց, զձի նորա, ի Հնդիկս:
3. Առակից դուրս գրիր հետևյալ հարցերի պատասխանները.
Ինչպիսի՞ ն էր հնդկաց թագավորի թռչունը:
Ինչպիսի՞ ն էր հունաց արքայի ձին:
Ի՞ նչ էր անում թռչունը Հունաստանում:
Ե՞ րբ է ձին կաղում և չի կարողանում արշավել:
Աշխարհաբար դարձրու առակը:
Արքաները տվեցի՞ ն իրենց սիրելի կենդանիները նրան, ով խնդրում էր:
Արքաները ստացա՞ ն այն, ինչ ուզում էին:
4. Լրացրու առակի համառոտ փոխադրությունը.
Հունաց արքան հնդկաց թագավորից խխնդրեց նրա թռչունը, որը……………. . : Հնդկաց թագավորն էլ փոխարենն ուզեց հունաց արքայի ձին, որը…………………. . : Նրանք միմյանց չմերժեցին: Սակայն հավքը և ձին…………………: Արքաներն իրար մեղադրելով վերադարձրին ընծաները, և ……………. :
5. Ի՞ նչ է ցույց տալիս առակը:
ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
— Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
— Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:
Բառարան
դարձեալ այլ ոմն — մի ուրիշ մարդ էլ
յորժամ — երբ
անկաւ — ընկավ
խնդրէր — փնտրում էր
խնդրէք – փնտրում եք
հարցին — հարցրին
ցնա –նրան
վասն է՞ ր — ինչո՞ ւ
հանապազ — միշտ
զոր օրինակ — ինչպես
առնէր – անում էր
ի կենդանութեանն – կենդանության ժամանակ
կարծեմ — կարծում եմ
զկնի մահուանն — մահվանից հետո
արար — արեց
գնացից — գնամ, կգնամ, պիտի գնամ, գնալու եմ
ԶՕՐԱԿԱՆ ԵՒ ԾԱՆՐ ԳՈՅՆ ԲԵՌՆ ԻՒՐ
Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց: Մանաւանդ աղաղակէին ամենքն.
— Ընկեսցո՛ւք նախապէս զծանրագոյն բեռինս, առ ի փրկել զկեանս եւ զերծանիլ ի ծովէն, զի մի՛ ընդ իրացն հանգամայն ընկղմեսցուք:
Իբրև լուաւ զայս զօրականն, իսկոյն կալաւ զկին իւր եւ ընկեց ի ծովն, ասելով.
— Ոչ ինչ է ծանրագոյն եւ անտանելի բեռն ինչ ինձ ի մէջ աշխարհիս, քան զկինն իմ:
Բառարան
երբեմն — մի ժամանակ
ոմն — մի մարդ, մեկը
գտանիլով — գտնվելով
ընդ կնոջ իւրում — իր կնոջ հետ
ի բարձր ծովու — բարձր ծովում
ի ժամանակի մեծի ալէկոծութեան — մեծ(ուժեղ)ալեկոծության ժամանակ
տեսանէր – տեսնում էր
ամենայն կարողութեամբ — ամբողջ կարողությամբ(ուժով)
թափէին — թափում էին
զամենայն ինչ — ամեն ինչ
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
կարասիս — կարասիներ
թարց երեսպաշտութեան — առնց որևէ երեսպաշտության
որք — որոնք
պատահէին ի ձեռս իւրեանց – որոնք իրենց ձեռքն էին ընկնում(ինչ որ ձեռքերն ընկնում էր)
աղաղակէին — աղաղակում էին
ընկեսցուք — գցեք
զծանրագոյն բեռինս — ծանր(ավելի ծանր) բեռները
առ ի փրկել զկեանս եւ զերծանիլ ի ծովէն — կյանքը փրկելու և ծովից ազատվելու համար
մի՛ ընկղմեսցուք — չընկղվենք, չենք ընկղմվի, չպիտի ընկղմվենք, չենք ընկղմվելու
ընդ իրացն հանգամայն — իրերի բերումով
իբրև — երբ
լուաւ — լսեց
կալաւ — բռնեց
զկին իւր — իր կնոջը
ընկեց — գցեց
ոչ ինչ է ինձ — ինձ համար չկա
ծանրագոյն եւ անտանելի բեռն ինչ — ավելի ծանր ու անտանելի ինչ — որ բեռ
ի մէջ աշխարհիս — այս աշխարհի մեջ