Գոյականի թիվը
Եկե՛ք կրկնենք.
Շեղումներ կանոնից
- Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։
Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։
- Կին-կանայք, մարդ-մարդիկ
- Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա` ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
- Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։
Առաջադրանքներ
- Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նա բերանը մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նա ձայներ է ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նա իմանում է, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում է տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը մթության մեջ ամեն ինչ զգում է, բացի բրդոտ կենդանուց: Նա կարող է փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարը չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:
Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նա ցնցոտի է հագել և որպես թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել է Եվրոպայում, որպեսզի պարզի բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նա լսել ու հավաքել է բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նա ճարպկորեն շրջանցում էր վտանգը և օրեցօր հարստանում:
2. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ…ը (արագիլ) …ում (աշխարհ) շատ տարածված… (թռչուն ) է:
Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի…ում (շրջան): Չվող (թռչուն) են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են…ով(զույգ) ու …ով (գաղութ): …ը (բույն) տեղադրում են …ի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր…ին (սյուն) և նման այլ …ում (տեղ): …(մարդ) սիրում են նրանց …ի (թռիչք) …ը (հանգստություն),…ի (թև) ու խոր …(թափահարում):
3. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն:
4. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:
Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):
Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:
Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:
Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:
Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:
4. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:
Օրինակ`
Հոտեր- ոչխարների խմբեր:
Ժողովուրդներ, բանակներ, դասարաններ,երամներ: