Ածականի համեմատության աստիճանը արտահայտում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշն առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ, օրինակ` մեծ-ավելի մեծ-ամենամեծ և այլն:

Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (հարաբերական) ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։

Բաղդատական աստիճանը կազմվում է ածականի դրական աստիճանին (ուղիղ ձևին) ավելացնելով ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։

Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝

  • ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն       -(ա)գույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,
  • — (ա) գույն վերջածանցով (օրինակ` լավագույն),
  • ամենից, բոլորից  բառերի միջոցով, որոնք ավելանում են  ածականի ուղիղ ձևին:

Առաջադրանքներ

1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

3․ Կազմի՛ր նախադասություններ՝ ածականներն օգտագործելով․

Բաղդատական աստիճանով  (ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ բառերի միջոցով):

Գերադրական աստիճանով (ամենա- նախածանցով, -(ա)գույն վերջածանցով, ամենից, բոլորից  բառերի միջոցով)։

4․ Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

5․ Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

6․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.մբերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:

7․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես … լիներ:

Գլորվում էր … լանջով:

Ձայնն էլ խզված էր ու …:

Առանց … լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու … անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

… ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից … է ու կպչում գործի: