Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։
Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։
Թվականներն ըստ իմաստի լինում են՝
1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկ, հինգ, տասը, հարյուր քսանմեկ։
2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։
Կոտորակային թվականները կազմված են երկու մասից՝ քանակական թվականից (համարիչից), որը ցույց է տալիս, թե ամբողջի քանի մասն է վերցված, և դասական թվականից (հայտարարից), որը ցույց է տալիս, թե ամբողջը քանի մասի է բաժանված։
Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մաս, բաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասը, հինգ ութերորդ հեկտար և այլն։
3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։
Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուական, տասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։
4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։
Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ, -երորդ ածանցների միջոցով։
Առաջադրանքներ
1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձան:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր… (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի…(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:
4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում: