Եկե՛ք վերհիշենք.

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Ուղղական — — —
Սեռական իրար միմյանց մեկմեկու
Տրական իրար միմյանց մեկմեկու
Հայցական իրար միմյանց մեկմեկու
Բացառական իրարից միմյանցից մեկմեկուց
Գործիական իրարով միմյանցով մեկմեկով
Ներգոյական իրարում միմյանցում մեկմեկում

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։ Օրինակ`Նա կարդաց այն գիրքը, որը նվիրել էր ընկերը։

Աշխատանքը կատարեց այնպես, ինչպես պահանջել էին։

Շենքը կառուցեցին այնտեղ, որտեղ նախկինում ամայի տարածություն էր։

 Առաջադրանքներ

Գտնե՛լ փոխադարձ դերանունները և ընդգծե՛լ.

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան

2.Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպես է գոյանում:

3. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

….է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե …է  ջուր հավաքվում այս փոսում:

…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
…այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Реклама