20190920_102148Նոր իրավիճա՞կ, ուսումնական աշխատանքի նոր կազմակերպո՞ւմ: Ամբողջովին առցանց-հեռավար ուսուցո՞ւմ։ Ափսոս իհարկե, որ ֆիզիկական միջավայրում սովորողներիդ չես հանդիպելու, բայց ի՞նչ արած։ Առցանց, ուրեմն՝ առցանց։ Իրար խառնվելու բան չկա։ Ուսումնական օրացույցն՝ իր հաստատուն նախագծերով կա։ Հեռավար-առցանց ուսուցմամբ աշխատելն էլ մեդիակրթություն իրականացնող ուսուցչի համար՝ իր այս նոր իրավիճակի առանձնահատկություններով հանդերձ, խնդիր չէ։ Ահա, տիար Բլեյանից սուրհանդակ էլ եկավ՝ որպես հաստատում անելիքիդ, և ի՛ գործ:

Սկսել էինք «Կարդում ենք» նախագիծը. Թումանյանին Չարենցն էր հաջորդելու: Խաղաղ ընթացքով շարունակեցինք նախագիծը։ Ոսումնական նոր՝ ընտանեկան միջավայրի հետ նոր թափ ստացան ընտանեկան նախագծերը, որոնք իհարկե նորություն չէին մեզ համար։ Բայց ելնելով այն փաստից, որ ծնողները հիմա ավելի շատ ժամանակ ունեին այդ նախագծերում ընդգրկվելու, դրանք տարբեր զարգացումներ ունեցան։ Սկսեցինք Չարենցով, ընտանեկան ընթերցումներով: Ասեմ, որ արդյունքում շատ սիրուն ընտանեկան խառը փաթեթ ստացվեց: Դե՛, շարունակությունը պարզ էր… Ուսումնական օրացույցն ամեն անգամ բացելու կարիք էլ չկա, անգիր հիշում ես, թե ինչն ինչից հետո է: Ենթադրում եմ, որ այդպես էլ կընթանար ամեն ինչ, եթե տեսադասերից մեկի ընթացքում մի միջադեպ չգրավեր ուշադրությունս:

Այսպես: Ով աշխատել է Միջին դպրոցում, գիտի, որ այդ տարիքի սովորողների մի ոչ փոքր խումբ կա, որ արդեն ունի իր որոշակի հետաքրքություններն ու նախասիրությունները, և դրանց մեջ ուսումնական-ծրագրային նախագծերը այդքան էլ չեն մտնում։ Այդ խումբը դժվար է ոգևորվում քո առաջարկած ուսումնական նախագծերով։ Անգամ ֆիզիկական միջավայրում, երբ անմիջական շփում կա, երբ ազդելուդ միջոցները շատ են՝ հայացքի փոխանակումից մինչև գլուխը շոյելը, դժվար է նրանց քեզ հետ տանել․ կամային են, իրենցը թելադրող, պետք է հաշվի նստես նրանց տրամադրության, հավեսի, հետաքրքրությունների հետ։ Պետք է փորձես ուսումնական գործը տեղավորել նրանց նախասիրությունների մեջ։ Իսկ հիմա, երբ միակ զենքդ ձայնդ է՝ խոսքդ, ասելիքդ, ձայնիդ տոնայնությունը, առավել ևս դժվարացել է գործդ: Ամեն նյութի համար հազար անգամ հիշեցնում ես, փորձում հավեսի գցել, ոգևորել, ուղիներ ես ցույց տալիս, թե ոնց անի, որ առավել հետաքրքիր լինի, ստացված արդյունքը դպրոցի կայքում հրապարակելուց հետո ուղարկում ես, որ տեսնի, որ իր նյութը կայքում է հրապարակվել, mskh.am՝ գլխավոր էջ գնալուց հետո անպայման գրում-տեղեկացնում ես, որ նյութդ արդեն գլխավոր կայքում է, և այսպես շարունակ… Բայց արի ու տես, որ այսքանից հետո էլի տեսնում եմ, որ սովորողների մի լավ, պարտաճանաչ խումբ ընթերցանության նախագծերին չի մասնակցում… Հարցնում եմ․ «Ի՞նչ է եղել, երեխե՛ք ջան, ձեզնից չէ, ինչո՞ւ նախագծերին չեք մասնակցում, ի՞նչ եք անում, միգուցե ինքնակրթությամբ եք զբաղված՝ կարդո՞ւմ եք, ֆի՞լմ դիտում, սիրած գործով եք զբաղվա՞ծ»։ Լսում եմ շա՜տ զարմանալի հետևյալ պատասխանը. «Չէ՜, ի՜նչ սիրած գործ… Այնքա՜ն շատ են նախագծերը, բոլոր դասավանդողները նախագծեր են տալիս։ Մայրենիից էլ ստեղծագործական-թարգմանչական աշխատանքներն անում ենք, իսկ ընթերցանությունից հոգնել ենք, քանի տարի է անընդհատ Չարենց, Սահյան ու Աղայան ենք կարդում: Ի՞նչ սիրած գործ, ի՞նչ ֆիլմ դիտել, ո՞վ ունի այդքան ժամանակ»:

Ա՜յ քեզ բան… Մինչ այդ, ընտանեկան նախագծերով հետաքրքրված, ուսումնասիրել, դիտարկել էի յոթերորդցիների բլոգները և, որպես առավելություն, նշել, որ տարաբնույթ նախագծերին մասնակցության թիվը մեծ է, ուրախացել էի, որ դասավանդողների կողմից առաջարկված նախագծերը բազմատեսակ են, հետաքրքիր: Սովորողներիս, իհարկե, հավուր պատշաճի պատասխանեցի, որ պետք է սովորեն ժամանակն իրենց օգտին աշխատեցնել՝ մասնակցելով այն նախագծերին, որոնց ուզում են, որ Չարենց, Սահյան, Աղայան անընդհատ կարելի է կարդալ, որ տարիքի հետ ընկալումն էլ է փոխվում, որ… Բայց դա, իհարկե, մտածելու տեղիք տվեց։

Այնուհետև կարդում եմ յոթերորդցի Էլեն Հովհաննիսյանի հաշվետվության մեջ. «Ժամանակ գրեթե չի մնում ուրիշ գործերի համար՝ կարդալու, նկարելու կամ ինչ-որ նոր բան սովորելու: Կուզեի, որ ուսուցիչները մի քանի առաջադրանք չտային, մեկը լրիվ հերիք է, դա էլ հազիվ եմ հասցնում: Բայց ոչ բոլորն են շատ հանձնարարում: Կուզեի նախագծեր չլինեին, մանավանդ որ շատերը կրկնվում են, օրինակ՝ համարյա բոլոր առարկաներից Զատիկի մասին նախագծեր ունեմ անելու, ու այդպես ամեն տարի: Դա հոգնեցնում է»:

Ու սկսեցի մտահոգվել: Փաստորեն, մենք՝ ուսուցիչներս, մտածելով, որ սովորողներն ամբողջ օրը տանն են, շա՜տ ժամանակ ունեն, հետաքրքիր նախագծեր ենք առաջարկում, որոնք, որպես արդյունք, հիմնականում ուսումնասիրություններ, տեսագրություններ ու ձայնագրություններ են ենթադրում (հո նորությո՞ւն չէ, որ նախագծային աշխատանք կատարելը շատ ավելի ժամանակատար է՝ ​երկար նախապատրաստական աշխատանք, հմտություններ է պահանջում՝ նյութի ընտրությունից մինչև մոնտաժ): Այս ամենի մեջ ինձ համար ամենամտահոգիչը սովորողի անձնական ժամանակի «առևանգումն էր»: Այս խնդիրը մեր տանն էլ կար, բայց ես մտածում էի, որ սա իմ երեխաների խնդիրն է, ինձ էի մեղադրում, որ ամբողջ օրն աշխատանքով տարված՝ չեմ հասցնում ժամանակ տրամադրել երեխաներիս, իմ պատճառով չեն հասցնում բոլոր նախագծերին մասնակցել: Պարզվեց, որ իմ երեխաները միակը չեն: Մանկավարժական առցանց քննարկումների ժամանակ լսեցի նաև տիար Գևորգի խոսքը, որով դիմում էր ծնողներին, որ հանգիստ թողնեն երեխաներին, նախագծերով պետք չէ խեղդել երեխաներին։ Սկսեցի լուծումներ փնտրել:

Նախ՝ սկսեցի ինձ համոզել, որ ոչինչ, որ այդքան հավեսով չեն մասնակցում ընթերցանության նախագծերին, մյուս նախագծերում էլ բանավոր խոսք կա, մյուս կողմից էլ՝ չէի կարողանում «մարսել» այդ փաստը: Պետք էր մի բան մտածել: Ինչ էլ առաջարկեի, պարզ է, որ պետք է միախառնված լիներ սովորողի նախասիրության, օրվա անելիքի, կյանքի, առօրյայի հետ:

Սովորողը չպետք է պարտադրված ժամանակ ծախսի նախագծի վրա: Հետևաբար նախագիծը պետք է այնպիսին լինի, որ սովորողը սիրով անի։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ինքը կընտրի, թե ինչ է ուզում անել կամ էլ՝ հենց ինքը նախագիծ կառաջարկի: Այսպես էլ ծնվեց «Եթերում ես եմ» նախագիծը, որը հնարավորություն կտար սովորողին ամենաբազմազան, ամենաանսպասելի, և որ գլխավորն է՝ իր կարևորած աշխատանքը ներկայացնել որպես արդյունք: Նախագիծը ծնվեց, բայց ցանկացած նոր նախագծի «կյանք» ստանալը սովորողներց է կախված, նրանց ընկալումից, ոգևորվածությունից, հավեսից: Նախագիծը ուղարկում ես ու անհամբեր սպասում, թե ինչ արձագանք կստանա, քանի սովորողի կոգևորի, քանիսը հավեսով կմասնակցի:

Երկու օր հետո բացում եմ էլ. հասցես, և հրճվանք, հավես, ոգևորություն, կարոտ խառնվում են իրար. մեկը մեկից հետաքրքիր աշխատանքների տարափ էր՝ անսպասելի լուծումներով…

Եվ սկսվեց բացահայտումների հրճվանքը: Ա՜յ քեզ բան, սովորողներս այլ՝ այսքան ժամանակ չբացահայտված կողմերով սկսեցին ներկայանալ: Այն, որ հավեսով աշխատող սովորողները կմասնակցեին նախագծին, չէի կասկածում: Ամենագտնվածը «սովորելու նկատմամբ այդքան էլ հավես չունեցող» սովորողներիս մասնակցությունն էր: Պարզվում է, որ ընթերցումների, քննարկումների, թարգմանությունների ու ստեղծագործական աշխատանքների «հավեսը չունեցող» սովորողին ընդամենը մի կայծ էր պակասում՝ իր նախընտրած աշխատանքը, որ նստեր տեսախցիկի առաջ: Ո՞վ կմտածեր, որ սուսիկ-փուսիկ, ամեն կերպ աննկատ մնալ ցանկացող Էրիկը կնստի տեսախցիկի առաջ և իր նոր էլեկտրական կիթառը կնվագի: Նախագիծն ուղարկելու հենց հաջորդ օրը՝ տեսադասի ժամանակ, շատ անսպասելի սկսեց նախագծով հետաքրքրվել մեր մյուս սուսիկ-փուսիկը՝ Լեոն: Շա՜տ զարմացա, բայց իհարկե զարմանքս ցույց չտվեցի՝ իբր, էդպես էլ պետք է լիներ: Հաջորդ օրը՝ երեկոյան, ֆեյսբուքով ինձ է գրում Լեոյի նկարչուհի մայրիկը (բառացի եմ մեջբերում, առանց խմբագրման). «Բարև ձեզ, Արևիկ ջան, Լեոյին խոսեցնելն անհնար է. մենք առավոտից նկարում ենք, բայց չի ստացվում, չեմ դիմանում»: Ժպտում եմ՝ մտածելով . «Շատ էլ լավ է, բա գիտեք ձեր երեխաներին խոսեցնելը, աշխատեցնելն այդքան հե՞շտ է»: Իհարկե, խորհուրդներ եմ տալիս և ուրախանում: Փաստորեն, նախագիծն սկսում է հաջողել. ընտանիքը «իրար է խառնվել», մայր ու որդի այնքան են ուզում պատրաստել այդ նյութը, որ առավոտվանից չարչարվում են: Ահա այդքան սպասված տեսանյութը, չի ուշանում հաջորդը, որտեղ Լեոն աղցան է պատրաստում:

Ինչքան տարբեր են մեր սովորողները, նույնքան էլ տարբեր եղավ այս նախագծի նկատմամբ նրանց վերաբերմունքը, նախագծի շարունակականությունը։ Սովորողների մի մասն այս նախագիծն ընկալեց որպես հերթական աշխատանք, որ առաջարկվել է, պետք է արվի։ Բայց եղան սովորողներ էլ, որ ամբողջ ընթացքում նախագծի կողքին եղան, ինչպես, օրինակ՝ Մարկ Հովհաննիսյանը:

Նախ՝ տեսանյութով ներկայացրեց, թե ինչպես պետք է բուրգեր պատրաստել, որին հաջորդեցին ինքնաթիռների մասին պատմող առաջին և երկրորդ նյութերը: Այնուհետև Մարկը որոշեց մեզ գայլերի մասին պատմել:

«Եթերում ես եմ» նախագիծը Տիգրան Գրիգորյանն այնքան իրենը դարձրեց, որ «Իմ գրադարանը» նյութին հաջորդեցին «Սասունցի Դավթի» ամենօրյա ընթերցումները: 

Եվ այսպիսի սովորողների թիվը փոքր չէ:

Նախագծում քիչ չեն ընտանեկան աշխատանքները՝ Սոնա Մեհրաբյանը տատիկի և եղբոր հետ ժինգյալով հաց են պատրաստումՍահյան է ընթերցում Մինաս Գրիգորյանը, նվագում է մայրիկըընտանեկան ընթերցում է ներկայացնում Մարիամ Բարսեղյանը. Թումանյան. Շունն ու կատուն: 

Նախագիծը հետաքրքիր էր նրանով, որ շա՜տ տարաբնույթ նյութեր ստացվեցին՝ ընթեցումներից մինչև ուտեստի պատրաստում, սիրելի իրերի ներկայացումից մինչև սիրելի կենդանիների մասին պատմող նյութեր, մարզում, գյուղատնտեսական աշխատանք և այլն (էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը):

Եղան սովորողներ էլ, որ նախագծին միանալուց բացի, իրենց նախագծերն ստեղծեցին: Անահիտ Դավթյանը «Նախագիծ՝ իմ ցանկությամբ» նախագծի շրջանակում պատմում է իր մայրիկի պապիկի մասին:

Այս նախագծի շրջանակում Անահիտը ներառել է Միջին դպրոցի իր ընկերներին, և միասին Մովսես Խորենացու մասին նյութ են պատրաստել: Կարևորում եմ նմանատիպ նախագծերը, երբ սովորողն ինքն է նախաձեռնողը՝ մտահղացումը, նյութի ընտրությունն իրենն են․ սա խոսում է սովորողի ինքնուրույնության ու խիզախության մասին:

Ուսումնական գործընթացն անընդհատ է, նախագծերը՝ տարբեր, բազմաբովանդակ: Յուրաքանչյուր սովորող այս նախագծում գտավ այն, ինչ ինքն էր ուզում: Գտնված են այն նախագծերը, որոնք ինձ և սովորողներիս ժպտալու, բացահայտման ու հրճվանքի հնարավորություն են տալիս:
Էլ ի՞նչ նախագիծ, եթե չոգևորի սովորողին, էլ ի՞նչ սովորող, եթե իր սիրած գործով չոգևորվի, և, իհարկե, էլ ի՞նչ ուսուցիչ, եթե իր սովորողների ոգևորությամբ չոգևորվի։

Այ, հենց էդպիսի նախագիծ էր «Եթերում ես եմ» նախագիծը։