Պատումս սկսեմ նրանով, որ ես ի սկզբանե սեբաստացի եմ։ Բայց հիմա մեծ նախանձով եմ նայում այսօր սովորող-սեբաստացիներին։ Ասեմ՝ ինչու։  Մենք՝ 2000-2001 ուստարում սեբաստացի շրջանավարտներս, համարում ենք, որ մեր բախտը  հեչ չբերեց։ Մեր՝ ավագ դպրոցում սովորելու տարիները համընկան տիար Բլեյանի՝ անազատության մեջ  գտնվելու շրջանի հետ։ Հիշում եմ, թե ինչպես էինք դասընկերներով զուր հույս փայփայում, որ գոնե Վերջին զանգին Տիարը մեզ հետ կլինի։ Հետո էլ ի՜նչ նախանձով էինք նայում մեզնից հետո ավարտողներին։ 

Գունեղ օլիմպիադաներով, մեր ձեռքով պատրաստած ամսագրերով ու հետաքրքիր թատրոն-դասերով լեցուն մեր առօրյան կարծես միանգամից գունաթափվեց։ Իրականում Տիար Բլեյանի բացակայությունից թվում էր ոչինչ  չէր փոխվել՝ ուսուցիչները, դպրոցը, առօրյան, միջավայրը ․․․Բայց պակասել էր մի կարևոր բան՝  ոգեղենությունը։ Ով սեբաստացի չի կամ չի եղել, չի հասկանա սա։ Չի հասկանա` ինչ է նշանակում տիար Բլեյանի պես տնօրեն ունենալը։ Չի հասկանա, թե սովորողի համար ինչ է Տիարի հետ զրույցի բռնվելն ու նրա շա՜տ խորիմաստ ու բազմաբովանդակ հարցերին պատասխանելը (որոնց էլ պարտադիր հաջորդում է Տիարի ծիծաղը), նրա հետ ճամփորդելը, միևնույն սեղանի շուրջ նստելը, մտածելը, կարծիք հայտնելը, ապացուցելը, ոգևորվելը․․․

Երբեք չեմ մոռանա այն օրը, որ դասից փախանք, քանի որ դպրոցում լուրջ իրադարձություն էր․․․Նոր տնօրեն էր նախարարությունը բերել։ Ո՜նց էինք բարկացել՝ խառնվելով հոծ բազմությանը, որն աղմկում էր, գոռում-գոչում (սրտներումս էլ վախ կար, որ հեսա կբռնեն, դասի կտանեն, ու չենք կարող մի բան անել)։ Ինչ անարդար էր այդ ժամանակ մեզ համար ամեն ինչ։ Մեր Տիարին հեռացրել են մեզնից, հերիք չէ, հիմա էլ նոր տնօրեն են բերել։ Ո՜նց էինք բարկացել, դասերին, դասամիջոցներին միայն այդ մասին էինք խոսում, բողոքում։

Երբ ասում են՝ դպրոցական կյանքից մի բան պատմիր, այս պատմությունն եմ հիշում, որը տիար Բլեյանի հետ է կապված։ Երևի թե  մանկական ապրումներս են շա՜տ ուժեղ եղել, որ այսպես տպավորվել է։ Երկրորդ կամ երրորդ դասարան էինք։ Երկրորդ հերթ էինք, և դասընկերի մի լավ խմբով հանրահայտ Սուլթանի ավտոբուսով էինք տուն գնում։ Դասերից հետո այժմյան Արևելյան դպրոցից վազելով իջնում էինք Մարմարյա սրահ՝ խաղալու, մինչ ավտոբուսի ժամը։ Ի՜նչ գայթակղիչ էր այն ժամանակ Մարմարյա սրահը ու ինչքա՜ն մեծ․․․Ու սկսվում էր բռնոցի-վազվզոցին։ Մի այլ հաճույք էր դա, և ամբողջ օրը դասընկերներով այդ պահին էինք սպասում։ Սովորական մի օր էլ այդպես վազվզում էինք, մեկ էլ տիար Բլեյանը՝ մի մեծ տորթ ձեռքին, սիրուն բացականչություններով հայտնվեց Մարմարյա սրահում (այդ պահից հետո այդ օրն ինձ համար անսովոր ու կախարդական դարձավ)։ Ո՜նց ուրախացանք․․․Հաջորդ օրն էլ էինք նույն տեղում, ու այս անգամ էլ Տիարը երկրորդ հարկից կոնֆետներ ներքև գցեց։ Ուրախություններիս չափ ու սահման չկար։ Ու այդպես, ամեն օր մի բան մտածում էր Տիարը։ Հետո իմացա, որ այդ հանրահայտ օրը սեպտեմբերի չորսն էր՝ Տիարի ծննդյան օրը, իսկ տորթը՝ ծննդյան տորթը։ Հետագայում շատ հաճախ եմ հիշել այս միջադեպը։ 
Հիմա էլ, երբ Տիարը հայտնվում է սովորողների միջավայրում, փոքրերը վազում-փաթաթվում են նրան, մեծերը՝ ափով սեբաստացիորեն ողջունում։ Իսկ մենք՝ դասավանդողներս, միանգամից իրար ենք խառնվում՝ հանկարծ շրջակայքում փակ պատուհան կամ հատակին ընկած թուղթ չլինի։ Այո՛, ոչինչ չի վրիպում մեր Տիարի աչքից։ Արդյո՞ք կան կամ եղե՞լ են մեր շրջապատում նման տնօրեններ, որոնց համար երեխայի ուրախությունն ու երեխայի շահը ամեն ինչից վեր են։ Արդյո՞ք կան դպրոցներ, որտեղ սովորողի ամեն օրը տոն է, ուր սովորողները վազելով են գալիս ու չեն ուզում տուն գնալ, ուր դասավանդողն ու տնօրենը նրանց ընկերներն են․․․Եվ այս ամենը կոչվում է Բլեյանի դպրոց։

Ինչևէ, հարգելի՛ իշխանավորներ, երևի չեք էլ պատկերացնում, որ Բլեյանը հենց բլեյանական մանկավարժությունն է, որը տասնամյակների խորքից է գալիս, և որից դեռ ինչքա՜ն բան ունեք սովորելու (նոր չափորոշիչների շատ կետեր ասածիս վկայությունն են)։

Ուշքի՛ եկեք, ուզեք, թե չուզեք, Բլեյանը մեծ ու բացառիկ մանկավարժ է, որին սերունդներն են գնահատելու ու մեծարելու։ Այնպե՛ս արեք, որ, Բլեյանին հիշելիս, ձեզ էլ Հերոստրատի կարգավիճակով չհիշեն։