Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ։

Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից։

Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ՝ սահմանական, ենթադրական (պայմանական), հարկադրական, հրամայական, ըղձական։

  • Սահմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։ — Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում: (Հրանտ Մաթևոսյան)
  • Հրամայական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք
  • Ըղձական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի
  • Հարկադրական եղանակը ցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։ — Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: (Ակսել Բակունց)
  • Պայմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեի)։ Սիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.– Արմենակը գա` մի բան կմտածենք: (Հրանտ Մաթևոսյան)

Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:
 

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

3. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

4. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

5. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

6. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: