Եկե՛ք վերհիշենք․

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Սահմանական եղանակի կազմությունը

Հիշենք, որ սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն կամ եղելություն:

Հայերենում բայի սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, մեկը՝ պարզ։ Բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են անկատար, ապակատար, վաղակատար ձևաբայերով ու օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով։

  • Անկատար ներկա
  • Անկատար անցյալ
  • Ապակատար ներկա
  • Ապակատար անցյալ
  • Վաղակատար ներկա
  • Վաղակատար անցյալ
  • Անցյալ կատարյալ

Առաջադրանքներ

  1. Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։
  2. Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը, արագ քայլերով, բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում, և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով՝ պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ․
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:
Բանտարկյալները թագավորին ինչպե՞ս ընդունեցին:
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից
ինչո՞վ տարբերվեց:

Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց: