
Երեխաները տարօրինակ ժողովուրդ են, նրանք երազին են գալիս և աչքին են երևում: Նախքան տոնածառը և բուն տոնածառին՝ նախքան Սուրբ Ծնունդը, ես անընդհատ հանդիպում էի փողոցում՝ հայտնի անկյունում, մի մանչուկի՝ ոչ ավել, քան յոթ տարեկան: Սարսափելի ցրտին նա հագնված էր գրեթե ամառային, բայց նրա վիզը փաթաթված էր ինչ-որ հնոտիով, – նշանակում է՝ այդուամենայնիվ նրան ինչ-որ մեկն առաքելիս հանդերձավորում էր: Նա քայլում էր «թաթիկով». սա տեխնիկական եզր է, նշանակում է ողորմություն խնդրել:
Եզրը հորինել են իրենք՝ այդ մանչուկները: Նրա նմանները բազմաթիվ են, նրանք պտտվում են ձեր ճամփեքին և ողբում են ինչ-որ սերտած բաներ. բայց այս մեկը չէր ողբում և խոսում էր մի տեսակ անմեղ ու անսովոր և դյուրահավատորեն նայում էր աչքերիս մեջ, հետևաբար նոր էր սկսել մասնագիտությունը: Իմ հարցուփորձին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ քույր ունի՝ առանց աշխատանքի, հիվանդ: Հնարավոր է և ճիշտ է, միայն թե իմացա հետո, որ այդ մանչուկներն անթիվ-անհամար են. նրանց ուղարկում են «թաթիկով» թեկուզ ամենասարսափելի ցրտին, և եթե ոչինչ չհավաքեն, ապա հավանաբար նրանց քոթակ է սպասվում:Մանրադրամներ հավաքելով՝ մանչուկը կարմրած, փայտացած ձեռքերով վերադառնում է ինչ-որ նկուղ, որտեղ հարբեցողություն է անում հնավաճառների ինչ-որ հրոսախումբ, նրանցից, որոնք, «գործարանում գործադուլ անելով շաբաթ լույս կիրակի, կրկին աշխատանքի են վերադառնում ոչ վաղ, քան չորեքշաբթի երեկոյան»: Այնտեղ՝ նկուղներում, նրանց հետ հարբեցողության են տրվում և նրանց սոված ու ծեծված կանայք, այնտեղ էլ ղժղժում են նրանց սոված կրծկեր երեխաները: Օղի, և կեղտ, և ապականություն, իսկ կարևորը՝ օղի: Հավաքված մանրադրամներով մանչուկին անմիջապես ուղարկում են գինետուն, և նա էլի է գինի բերում:
Զվարճանքի համար երբեմն նրա բերանն էլ կլցնեն կես շիշ օղի և կհռհռան, երբ նա կիսաշնչահեղձ կընկնի հատակին՝ գրեթե ուշաթափ, … և իմ բերանն օղին կեղտոտ
Լցնում էր անխղճորեն …
Երբ նա մեծանում է, նրան իսկույնևեթ ինչ-որ գործարանի են վաճառում, բայց այն ամենը, ինչ նա կաշխատի, նա կրկին պարտավոր է բերել հնավաճառներին, իսկ վերջիններս կրկին կխմեն: Բայց արդեն մինչ գործարանն էլ այդ երեխաները դառնում են կատարյալ հանցագործներ:
Նրանք թափառում են քաղաքով մեկ և գիտեն այնպիսի տեղեր զանազան նկուղներում, որտեղ կարելի է սողոսկել և որտեղ կարելի է գիշերել աննկատ: Նրանցից մեկը մի քանի գիշեր շարունակ գիշերում էր ինչ-որ դռնապանի կողքին ինչ-որ զամբյուղի մեջ, և վերջինս նրան այդպես էլ չէր նկատում: Անշուշտ, փոքրիկ գողեր են դառնում: Գողությունը կիրք է դառնում նույնիսկ ութնամյա երեխաների համար՝ երբեմն նույնիսկ առանց արարքի հանցավորության որևէ գիտակցման: Վերջին հաշվով տանում են ամեն ինչ՝ քաղց, ցուրտ, ծեծ, միայն հանուն մի բանի՝ հանուն ազատության, և փախչում են իրենց հնավաճառներից՝ արդեն ինքուրույն թափառելու:
Այս վայրի էակը երբեմն չի հասկանում ոչինչ՝ որտեղ է ապրում, ինչ ազգության է պատկանում, կա արդյոք աստված, կա արդյոք տիրակալ. անգամ այնպիսի բաներ են նրանց մասին պատմում, որ անհավանական է լսել, և, սակայն, ամենը փաստեր են:
Նյութի աղբյուրը՝ https://granish.org/qristosi-tonatsari-handesin/