
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
19.05.1992 թ․
«Республика Армении»
Ըստ իր ոչ ամենաջերմեռանդ երկրպագուների գնահատականի՝ հանդուգն է, խորաթափանց, նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն օգտագործող, անվիճելի է՝ տաղանդավոր, բայց կախված իրադրությունից, նաեւ՝ խուսանավող: Ամերիկացիները, որոնց մենք սովորույթ ենք դարձրել տեղի-անտեղի վկայակոչել, հարգանքով կվերաբերվեին մարդկային այս հատկանիշներին, քանզի անհատական նախաձեռնության պաշտամունքն անքննելի է, ինչպես կրոնական դոգման՝ «ինքն իրեն արարող մարդ»:
Մենք՝ տոտալիտար համակարգի խստավարժությունն անցածներս, աշխատելով հատկապես այդ անհատական նախաձեռնողականությունը ճնշելու ուղղությամբ, երկար տարիներ շարունակ արժեքավորել ենք բոլորովին հակադիր արժանիքներ՝ ինտելիգենտ փափկամորթություն, մանկայնություն ու անգործնականություն: Միջակությունը դարձել էր չափանիշ եւ ինքնապաշտպանության փիլիսոփայության համբավ ձեռք բերել:
Արժե՞ արդյոք զարմանալ, որ առանց քրեական օրենսգրքի հետ հակամարտության, իրենք իրենց օգնող մարդիկ շատ ու շատ պակասեցին: Բայց եւ այնպես..․Հիշում եմ՝ դեռ 4 տարի սրանից առաջ, ծանոթանալով Երեւանի թիվ 183, այժմ արդեն ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրին, ինձ ապշեցրեց տնօրեն Աշոտ Բլեյանի ոչ «մերոնքականությունը», հաստատակամությունն ու կենսունակությունը: Այն ժամանակ նա հատկապես հաստատակամ ու կենսունակ թվաց մշտապես պետբյուջետային փշրանքներ մուրացող կրթական համակարգի ավանդական որբության ֆոնի վրա: Բնական է՝ նա ով կարողանում էր ավելի հյութեղ պատառ պոկել, արժանանում էր համընդհանուր անբարյացակամության: Նրան այսօր էլ կարող են չսիրել, վերագրել հարկի, անհարկի մեղադրանքներ ու նախատինքներ: Բայց փաստը մնում է փաստ, որ նրա հետ չեն վիճում նույնիսկ ամենամոլի հակառակորդները: Բանն այն է, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում Բլեյանը կարողացավ քաղաքի ծայրամասային սովորական դպրոցը վերածել առանձնահատուկ, ինքնակառավարվող ուսումնական հաստատության, որը ներառում է բոլոր աստիճանները՝ մանկապարտեզից մինչեւ ավագ դպրոց, հագեցած տեխնիկայի վերջին խոսքով, որն իր մասնաճյուղերն ունի Աշտարակում, Եղեգնաձորում, ունի հեքիաթային ջերմոցային տնտեսություն, գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում են դասագրքեր ու ուսումնական ծրագրեր եւ այլ բաներ, որոնց մասին անհարմար է գրել մեր այսօրվա դպրոցի համընդհանուր աղքատության պայմաններում: Բայց նա այդ արել է՝ չունենալով ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավորի կարգավիճակ եւ փայփայված չլինելով իշխանության ներկայացուցիչների բարեկամությամբ:
Գերմարդ՝ մանկավարժության մե՞ջ: Դժվար թե: Կարեւորը սեփական սկզբունքների, միջոցների մշտական փնտրտուքն է: Եթե նրանք կան, կուլ կգնան չար լեզուները:
Ահա նրանց՝ սկզբունքների մասին է մեր հարցազրույցը տնօրեն, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանի հետ:
— Ասում են՝ դուք «վերմակի պոչը դեպի ձեզ եք քաշում»: Զեզ եք վերցնում ամենաշատն ու լավը՝ դրանով իսկ խոչընդոտում մյուսներին, ովքեր նույնպես ցանկանում են կրթական համակարգում որեւէ փոփոխություն մտցնել:
— Գիտեք ինչ, ես չեմ անհանգստանում, երբ որեւէ մեկն ինձ չի սիրում: Ես ընդհանրապես այդ մասին չեմ մտածում: Չնայած պարզորոշ գիտակցում եմ այդ հետեւանքը ծնող պատճառները:
Ահա ասում են՝ Բլեյանն ունի ջերմոց, տպարան, ե՛ւ այս, ե՛ւ այն, բայց դրանք որպես բարի քեռու նվերներ չեն, որ կան: Ես եմ դրանք ստեղծել։ Իսկ սա, համաձայնե՛ք, այլ բան է: Երբ 1985 թ․ ես դիմեցի քաղխորհուրդ, թե խնդրում եմ դպրոցին հատկացնել 1 հեկտար քարքարոտ հողային տարածք, քաղխորհրդի նախկին նախագահը զարմացած հարցրեց․ «Ի՞նչ ես անելու այդ հողը»: Իսկ մենք այդտեղ 3 հազար քառ․մ․ տարածքով հրաշալի ջերմոց կառուցեցինք: Քարշ տվեցինք հումքն ու տնկիները, աշխատում էինք օր ու գիշեր: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում, ասենք, հարեւան դպրոցի տնօրենին: Պարզապես, նա չէր ուզում, իսկ ես ուզում էի: Նրան պետք չէր, ինձ պետք էր: Ահա թե որն է տարբերությունը:
— Շատ լավ, ջերմոցը, արհեստանոցները դուք ինքներդ կառուցեցիք, բայց, օրինակ, համակարգիչների համար դրամական միջոցներ դուք ինչ-որ տեղից վերցնում էիք, չէ՞:
— Դրա՞մ, միշտ էլ դրամի խնդիրն ամենադժվարն է: Դրամը, սովորաբար, գտնում, վերցնում, հայթայթում են: Մի խոսքով, անհրաժեշտ է կարգին չարչարվել եւ, միևնույն ժամանակ, ամենաքիչը լինել Աշոտ Բլեյան: Այո՛, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ինձ այդ դրամը տալիս էին, իսկ ուրիշի՝ ոչ, եւ ոչ նրա համար, որ ես ունեմ որոշակի կարգավիճակ, երեւի արժանացել եմ դրան: Չէ՞ որ իմ վերցրած միջոցները չեն դարձել ավելորդ ճոխություններ եւ շքեղ առանձնասենյակ, այլ վերածվում են այն ստեղծագործական միջավայրին, ուր ծնվում է նոր դպրոցն իր նոր բովանդակությամբ՝ դասագրքերով եւ ուսումնական ծրագրերով: Լավ, հանե՛նք իմ պատգամավորության մեկուկես տարին, չնայած հենց այդ ընթացքում մեզ մոտ ամենաքիչ նյութական ձեռքբերումներն են եղել: Մինչ այդ ես մի սովորական դպրոցի սովորական տնօրեն էի՝ մեկը հարյուրներից: Ես չունեի ազդեցիկ բարեկամներ եւ ամուր ձեռք «վերևներում»: Բայց ինձ հաջողվում էր իմ համակարգում գտնել համախոհներ, համոզել նրանց, ոգևորել իմ գաղափարով: Ուրեմն ինչո՞ւ ես պետք է մյուսների հետ նույն պայմաններում լինեմ, եթե ես ընդունակ եմ ավելիին, նշանակում է՝ ավելին էլ պիտի ստանամ: Ինձ ոչինչ չի տրվել, ամեն ինչ ես ինքս եմ վերցրել: Ասենք, ամբողջ քաղաքի համար կա երկու համակարգիչային դասարան: Ո՞ւմ պիտի տրվի: Նրան՝ ում պետք է: Եվ ես դրանք կստանամ, որովհետև ամեն ինչ կանեմ այն ձեռքբերելու համար: Ինձ պետք է համակարգչային հրատարակչական համակա՞րգ, կփորձեմ բոլոր ճանապարհները՝ նախագահ. Հ. Գալստյան, Վեհափառ Կաթողիկոս, Լուիզ-Սիմոն Մանուկյան, Գարեգին Սրբազան… մի դուռ կբացվի:
— Ինձ միշտ զարմացրել է, թե Ձեզ ինչպե՞ս հաջողվեց պահպանել դպրոցը 1988-89 թթ․: Հիշում եմ, այն ժամանակ երիտասարդ լրագրողիս նյութը, պարզապես, «կտրեցին», որովհետեւ այն այդ նույն դպրոցի մասին էր, որ համարվում էր «այլախոհների բույն»: Դուք այն ժամանակ էլ կարողանամ էիք իշխող կառույցների հետ լեզու գտնել։
— Մենք ուժեղ էինք եւ դիմացանք: Չնայած արդեն կային դպրոցը փակելու, ինձ կուսակցության շարքերից վտարելու որոշման նախագծեր: Հնարավոր է՝ օգնեց նաեւ այն, որ ռեպրեսիաները մշտական չէին, շարժման վերելքի դեպքում մեզ հանգիստ էին թողնում, երբ սկսում էր անկումը, ուժեղանում էին հետապնդումները:
-Լավ, Դուք կենսունակ, գործնական, նպատակասլաց մարդ եք, ընդունակ՝ կրթական համակարգում մեծ փոփոխություններ մտցնելու, ինչո՞ւ այն ժամանակ թողեցիք քաղխորհրդի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, դրա հետ մեկտեղ՝ դպրոցի բարեփոխման ծրագրերն ու պլանները:
— Ինձ արդեն բազմիցս վիճակվել է պատասխանել լրագրողների այդ հարցին: Եվ տարօրինակ է, որ այդ հարցին այդքան մեծ նշանակություն է տրվում: Ուրեմն այսպես, ես պրոՖեսիոնալ մանկավարժ եմ, սա իմ կրթական հաստատությունն է, իմ գործը, եւ ես այստեղ ինձ առավելագույնս օգտակար եւ լիարժեք եմ գգում: Ես համոզվեցի, որ կրթության պետական կառավարումը այնքան խարխլված, այնքան քարացած է ու այլափոխված, որ տեղաշարժ հնարավոր է ամբողջ համակարգը փոխելով միայն: Սա, ցավոք, շատ դանդաղ է ընթանում, որովհետեւ հարկ է փոխել ողջ կրթական համակարգն իր բովանդակությամբ: Ես սպասել չեմ կարող: Ես ունեմ հստակ ծրագիր, որը անավարտ մնաց իմ՝ դպրոցից հեռանալու պատճառով: Վերադարձս թելադրված էր գործս մինչեւ վերջ հասցնելու ցանկությամբ: Ի դեպ, պիտի ասեմ, որ վերջին կես տարվա ընթացքում ինձ հաջողվեց անել ավելին, քան նախորդ երկու տարիների ընթացքում: Մենք աշխատում ենք մի քանի տասնյակ ծրագրերի, դասագրքերի ստեղծման ուղղությամբ, որոնք հրատարակվում եւ հրատարակվելու են մեր կրթական համալիրի հրատարակչությունում:
Գլխավորը ես մեկընդմիշտ պարզեցի ինձ համար․ կրթության բարեփոխումը նոր բովանդակության ստեղծումն է, իսկ նոր բովանդակությունը նոր կրթական հայեցակարգն է, նոր արժեքների համակարգը, նոր ծրագրերն ու դասագրքերը, նոր մոտեցումները, որոնք կծնվեն հենց դպրոցում՝ նրա ստեղծագործական լաբորատորիայում: Տեսե՛ք, թե ինչ է ստացվում․ մեր կրթական հաստատությունը շատ ավելի պտղաբեր է, գործունյա եւ արդյունավետ, քան այնպիսի հզոր կառույցը, ինչպիսին լուսնախարարությունն է:
— Դուք ուսուցիչ եք եւ միաժամանակ քաղաքական գործիչ: Քաղաքականություն եւ բարոյականություն․ չկա՞ արդյոք սկզբունքային հակասություն այս երկու ձեւերի համատեղման մեջ:
— Դուք ուզում եք իմանալ, թե ես ավելի շատ քաղաքական գործի՞չ եմ, թե՞ ուսուցիչ: Ես շատ լավ կզգայի քաղաքական գործչի վիճակում, եթե ուսուցիչ չլինեի: Մեկը մյուսին, իհարկե, խանգարում է, բայց միայն ժամանակի իմաստով, որը միշտ չի հերիքում: Քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, ինչպես մանկավարժությունը, եւ նրան պետք է տրվել ամբողջությամբ: Ինչ վերաբերում է հակասություններին, այդպիսիք չկան: Ի դեպ, անբարոյական կարող է լինել ոչ միայն քաղաքականությունը, այլեւ՝ մանկավարժությունը:
— Երեւի այդպես է: Պարզապես քաղաքականությունը ավելի շատ է ասպարեզում: Այդ դեպքում բարոյականության տեսանկյունից գնահատե՛ք Ձեր հրապարակավ արտահայտությունն այն մասին, որ Արցախի խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմում: Շատերն այն գնահատում են որպես նահանջողականություն: Դա հատկապես աններելի է ՀՀՇ վարչության անդամի համար:
— Ես այդ ասել եմ հստակ եւ մտածված՝ իմ արտահայտությունը չհամարելով ավելի համարձակ, թե ես այլ կերպ եմ մտածում, քան ուրիշները: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ է նշանակում արցախյան խնդրի լուծում՝ Արցախի ազատ֊անկախ հանրապետությո՞ւն: Հրաշալի է: Բայց մտածել՝ այսօր ստեղծել այդպիսի ազատ-անկախ Արցախ պետություն առանց պատերազմի, միջազգային միջնորդությունների օժանդակությամբ, նշանակում է՝ մոռանալ մեր պատմության բոլոր դասերը: Ոչ ոք եւ երբեք տարածքային ոչ մի հարց չի լուծել առանց պատերազմի: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պատերազմել առանց վառելանյութի, սննդամթերքի, խարխլված տնտեսությամբ: Նրա ստրատեգիական պահեստավորումը կհերիքի մեկ-երկու շաբաթ՝ ոչ ավելի: Մի խոսքով, պատերազմի մեջ ներքաշվելն այսօր մեզ համար վերջնական պարտության տանող արկածախնդրություն է: Ե՛վ խորհրդարանը, ե՛ւ նախագահը պարտավոր են վերջապես կողմորոշվել այս հարցում եւ այդ մասին պարզ եւ հստակ ասել ժողովրդին: Քանզի ցանկությունների ժամանակը սպառվել է: Անցած 4 տարիները բավարար էին հասկանալու համար, որ քաղաքականության մեջ ցանկանալը այնքան էլ անմեղ բան չէ: Հիմա ժամանակը չէ պատասխանատվության հսկայական բեռը ծանրացնելու միևնույն կազմակերպության մեկ-երկու անդամի ուսերին։ Եթե դա արվում է այդ մարդկանց պատժելու կամ փաստի առաջ կանգնեցնելու նպատակով, ապա հատուցելու ենք սարսափելի գնով: Նրանք իրականում կրում են պատասխանատվություն, այդ թվում՝ հավանաբար եւ ես, ու պիտի պատասխան տան՝ յուրաքանչյուրն իր չափով: Բայց այդ հետո: Կա այսօրվա խնդիր:
— Ձեր կարծիքը կիսո՞ւմ են ՀՀՇ վարչության մյուս անդամները:
— Ոչ բոլորը, բայց շատերն են հակված․այն սթափ հայացք է իրողությանը:
— Իսկ դա չի՞ նշանակում ՀՀՇ կազմակերպության քաղաքականության վախճան:
— Չեմ կարծում: Նախ եւ առաջ, ոչ թե շարժումն է Ղարաբաղի շարժառիթը, այլ Ղարաբաղը՝ շարժման: Իսկ եթե ուշադիր վերլուծենք շարժման զարգացման պատմությունը, ապա կհամոզվենք, որ դեռ 1988 թ-ից շարժումն իր գերխնդիրն էր դարձրել հայկական պետականության վերականգնումը: Եվ մեծ թվով մարդիկ սկսեցին գիտակցել, որ արցախյան հակամարտության խնդրի լուծումը, սկզբնական ձևակերպմամբ, հակասում է այդ գերխնդրին: Մեզ անհրաժեշտ են տնտեսության մեջ շոշափելի վերափոխումներ, ժողովրդական դժգոհություններն առանց այն էլ հասնում են իրենց գագաթնակետին, իսկ վերափոխումներ հնարավոր են, եթե միայն Արցախի հարցում հստակություն լինի: Իսկ առայժմ մեզանում իրարամերժ հարցադրումներն են՝ նետվում ենք մի ծայրահեղությունից մյուսը:
ՉՏԱՆԵՆՔ ԻՐԱՐ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԿԱՆԽԵՆՔ ՉԱՐԸ
ՀՀ ԳԽ 1992 թ. հուլիսի 8-ի որոշման առթիվ խորհրդարանում ունեցած ելույթը
08.07.92թ․
Ես հավատում եմ արցախցու՝ իր հողի վրա ապրելու անկոտրում վճռականությանը: Ինչպե՞ս այսուհետ սատար կանգնել նրա այս վճռականությանը: Ինձ համար չկա պատերազմի-խաղաղության, Արցախ անկախ պետության ճանաչման-չճանաչման հարց՝ սա, կներեք, նաեւ ժամանակավրեպ է: Մեր մեն-միակ խնդիրը, հայոց այսօրվա թիվ մեկ անելիքը չդատարկել Արցախի հողը իր բնիկ տիրոջից՝ արցախցուց, չդարձնել հողի տիրոջը գաղթական, չմեծացնել մեր կարոտի ու ամոթի «էրգիրը» Արցախով, որ հետո լալկան ու նաեւ մեղադրող չերգենք՝ «Ո՞ւր է մեր Կարս ու Արդահան»: Անիծելու են մեզ մեր զավակները հողի դատարկման համար ու չեն ներելու, ինչպես մենք այսօր չենք ներում մեր պապերին, որքան էլ թվացյալ վեհ, արդար ու միակը թվա արցախցու ապահովության՝ Արցախի անկախ հանրապետության հռչակումը: Շիտակ ու մերկ ասեմ՝ այս վեճը, երեք օր քննարկվող որոշումը, այսօրվա ճանաչման հարցն արհեստական է կամ, կներեք, անազնիվ:
Կեղծ ագգասիրության ալիքի ու ամոթի ճնշմամբ շարունակում ենք մղել մեզ հերթական քաղաքական արկածախնդրության: Որ ի՞նչ: Գուցե չտանենք իրար նոր փորձության, այլ օգնենք իրար փրկվելու չարից, կանխելու չարը:
Անկախ Արցախի հանրապետության հաստատման մի ճանապարհ կա՝ զինական ուժը: Ինչո՞ւ այնքան ուժեղ չի Արցախը, ինչո՞ւ զինականությամբ այնքան զորեղ չենք մենք, որ թքենք արար աշխարհի դեմքին, տրորենք նրա ստեղծած իրավունքը, որ մտնենք Բաքու, նվաճենք Ադրբեջանը, ծնկի բերենք ադրբեջանցուն եւ, որպես փրկագին, ուզենք Արցախը: Ուզո՞ւմ ես անկախ Արցախ, ուզո՞ւմ ես միացյալ Հայաստան, պիտի նվաճես, ծնկի բերես Ադրբեջանը, իսկ սա պատերազմ է Աշխարհի դեմ: Մեր կողմից անկախ Արցախի ճանաչումը, ահա, այս ուժի ու ճանապարհի հաստատումն է: Ազգը իր դոն-քիշոտները պիտի ունենա, հրաշալի է, բայց Դոն-Քիշոտ-ազգը՝ ի՞նչ է, անեծք կա՞ հայի գլխին, ամեն սերունդ պիտի ո՞ղբ թողնի իրենից հետո եկողներին: Բա մեր ազգի ու մեր քառամյա շարժման պատմությունը ո՞ւմ համար է դաս, ուրիշների՞: Կրճտացնենք մեր ատամները: Խոստովանենք՝ մենք այսօր այսքան ենք։ Ուզո՞ւմ ենք դիմել մեծ աշխարհի պետություններին, նրանց միջոցով լուծել Արցախի հարցը: Հավաքվեցինք մեծով-պստիկով, գրող-գիտնականով ու քաղաքական գործիչով, մաշեցինք Եվրոպա-Ամերիկա Մեծ Դռան ճանապարհները՝ Նյու-Յորքից մինչեւ Հելսինկի, ուզում եք Հռոմով, ուզում եք Մինսկով՝ նույն պայմանները, նույն պահանջները սիրալիր դեմ արին մեզ. Աշխարհն, ահա, միաձայն ասում է.
— Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում-ընդունում
— Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնության՝ արցախցու իրավունքների ապահովում:
Չե՞ք ուզում՝ աշխարհը խուլ է, լալ է, կույր է: Մեր Ազգային արժանապատվությունը հերիք չի՞ ոտնահարենք՝ աշխարհի նողկանքն ու արհամարհանքը գրգռելով: Կամ հարգենք միջազգային իրողություններն ու նորմերը, կամ մեր խնդիրքը չմիջազգայնացնենք։ Մեծ աշխարհը շատ հոգսեր ունի, մեր խնդիրքը հերթի կդնի, դրեց, մինչեւ գա, տեսնի… Անդառնալի կորուստներ ունեցանք։ Շատ ավելի արդյունավետ է, ճիշտ է ու հեռանկարային մեր հարևանների հետ ունեցած վեճերը հենց հարեւանների հետ ու նրանց միջոցով կարգավորելը, լեզու գտնելը․․․
Բայց մենք մի բացառիկ, համաշխարհային ազգ ենք: Ահա արդեն չորս տարի մի երրորդ ճանապարհ ենք փնտրում՝ գիտենք, բայց ուզում ենք, ցավում է, բայց հոխորտում ենք:
Ապրում ենք այսօրվա իրողությունների ու տիրապետության դաշտում, բայց ապրում ենք երեկվա ցանկություններով:
Ուզում ենք: Եւ սա շատ լավ գիտի հանրապետության նախագահը, ճանաչում է իր ժողովրդին, ստիպված մանևրում է: Իսկ ընդդիմությունը այս քանի ամիս բռնացնում էր նախագահին դեպքի վայրում, իսկ այսօր ահա որոշել է կոշտ բռնել: Տգեղ Է։
Այո՛, մենք բացառիկ ենք մեր հողապաշտաթյամբ ու մեր հողը հեշտ դատարկելու եւ համաշխարհային գաղթական դառնալու սովորությամբ: Պատմական նույն սցենարը՝ ուզում ենք առավելագույնը, թշնամանում ենք մինչեւ վերջ, սկսում ենք ֆիդայական պայքարը, ոգևորվում ենք, հերոսանում ենք: Գալիս է կանոնավոր բանակը՝ ուժերը անհավասար են: Ոտքով, մեծ ու պստիկով մի քանի ժամում-օրում դատարկում ենք մեր հողը: Մեզ կմնա մեր կարոտի ու ամոթի «էրգիրը»՝ դարձած երգ, որ որպես արդարի մեղադրանք կնետենք աշխարհին՝ «Ո՞ւր է մեր Կարս ու Արդահան»: Ուշքի եկեք, սիրելինե՛րս, չէ՞ որ չկան մեր Գետաշեն ու Շահումյան…
Եւ մի՛ հարցրեք, ամոթ է, ո՞րն է երաշխիքը Ադրբեջանի կազմում ապրելու: Ասել է, թե հողը չլքելու երաշխիքը: Երաշխիքը, միակ երաշխիքը հողի տիրոջ վճռականությունն է իր տանն ապրելու: Սա և՛ պարտք է, և՛ իրավունք, որի համար պիտի կռվել, չզիջել, չհոգնել, չվախենալ: Մի՛ բերեք Նախիջեւանի օրինակը, Լեռնային Ղարաբաղի օրինակը կա: 1921 թվ.-ի Շուշիի ջարդերից հետո 70 տարի ապրեց, բազմացավ, շենացրեց իր հողը արցախցին: Ինչո՞ւ չի կարող դա անել նորից, ավելի քաղաքակրթված աշխարհում, Հայոց պետության մշտական օգնությամբ: Թշնամությունն ու առճակատումը թե շարունակեցինք, ուրեմն դատարկված է Արցախի հողը: Բայց հո չե՞նք կարող այնքան կույր լինել, այնքան անպատասխանատու, որ մղենք արցախցուն դատապարտվածի անիրատեսության: Անիծելու են մեզ մեր զավակները:
Այսօրվա մեր ամենավտանգավոր թշնամին մենք ենք՝ մեր քաղաքական կուրությամբ, մեր գործունեության կիսատ-պռատությամբ, մեր երկվությամբ՝ մեր ազգային ռոմանտիզմը մեր մանուկ պետության օրորոցայինը դարձնելով: Հողով ու լավագույն զավակների կորստով ենք շարունակ հատուցելու:
Մինչեւ ե՞րբ ենք շարժվելու ղարաբաղյան շարժման առաջին փուլի՝ պահանջատիրության փուլի տրամաբանությամբ: Չէ՞ որ թույլատրելի էր այն եւ ոչ մեծ չափով վտանգավոր՝ խորհրդային պետության գոյությամբ: Բայց անհանդուրժելի է ու կործանարար, երբ այդ պետությունը չկա: Ավելին՝ կան անկախ, աշխարհի կողմից ճանաչված-հստակված սահմաններով Ադրբեջանն ու Հայաստանը: Հանրապետության նախագահն իր մանդատն ստացել է ժողովրդից եւ ի լուր ժողովրդի ստանձնել նախագահական պարտավորություններ՝ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության պետականության ուժեղացման եւ Հայաստանից դուրս ապրող հայերի կյանքի անվիտանգության առումով: Իր դիրքորոշումը իր ժողովրդին հստակ շարադրելուց հետո նախագահը պարտավոր է դրսևորել բացառիկ հաստատակամություն, անդավաճան հետեւողականություն եւ վճռականություն: Նախագահին աններելի է որեւէ երկվություն:
Ես իմն ասեմ։ Խորհրդարանի նոր որոշումներ Արցախի պահանջատիրության ոգով՝ անիմաստ է, մեր քաղաքականության ճկունությունը կապոտող, ի վերջո, վնասակար: Մենք դեռ խոհեմություն պիտի ունենանք՝ օր առաջ անվավեր ճանաչելու 1989թ. դեկտեմբերի մեկի որոշումը, եթե որդեգրում ենք ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի տրամաբանությունից բխող գործելակերպ: Ձևակերպեմ՝ դա Հայաստանի համար անկախ պետականության կայացմանը նպաստող, իսկ Արցախի համար իր անվտանգության երաշխիքների ապահովման գործելակերպն է։
Ավելին ասեմ: Թե Հայոց խորհրդարանը չգնա իրենից պատասխանատվության օտարման ճանապարհով, կմշակի-կհստակի Հայաստան պետության արտաքին քաղաքականության կուրսը: Մենք մեզ վրա պիտի առնեն գործադիր իշխանությունների կողմից այդ կուրսի իրագործման վերահսկման կարեւոր գործը, որ չլինեն զիգզագներ, քաղաքական փակուղիներ, որ քաղաքական հաջողությունը ժամանակին տարբերվի քաղաքական արկածախնդրությունից ու կանխվի ժամանակին: Նման օրինակներ արցախյան շարժման
երկրորդ փուլից անգամ, ավա՜ղ, որքան ուզեք: Ի՞նչ անհրաժեշտությամբ ու տրամաբանությամբ էին թելադրված Արցախի անկախության հանրաքվեն ու Արցախի ԳԽ ընտրությունները․ Մի՞թե Արցախի գինվորական խորհուրդը ու տեղական իշխանությունները չէին կարող լավագույնս պարտականություններ ստանձնել Արցախի ինքնապաշտպանության ու կենսագործունեության ապահովման համար, ինչո՞ւ 1990թ․-ի աշնանը մենք չկարողացանք համոզել-պարտադրել արցախցիներին մասնակցելու Ադրբեջանի Գերագույն Խորհրդի ընտրություններին: Ի՞նչ գնահատական տալ Շուշի-Լաչինի գրավմանը՝ զինվորական հաջողությո՞ւն, թե՞ քաղաքական արկածախնդրություն:
Ո՞վ պիտի պատասխան տա Իրանի միջնորդության տապալման համար եւ որտե՞ղ, ինչու՞ առ այսօր չենք ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը եւ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Ինչպե՞ս ենք հայտնվել տնտեսականքաղաքական ուժեղացող մեկուսացման մեջ մեր մոտակա հարևաններից /Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան/։ Ադրբեջանի առճակատման շարունակումը ինչպիսի՞ արձագանք կստանա Վրաստանում, Ռուսաստանում և Միջին Ասիայում։ Չե՞ն սպասվում հայերի տեղահանություն այդ հանրապետություններից։ Բոլորն էլ մեր խորհրդարանի իրավասության և լրջության հար- ցերն են: Ավա՜ղ, մենք զբաղված ենք, կներեք ինձ, այսօր գոյություն չունեցող հարցի վճռով: Նորից բորբոքել արցախցուն, շեղել նրան իր լուծելիք խնդրից, մղել նրան դատապարտված անիրատեսության: Հստակենք մեր դիրքը, խորհրդարանը պիտի հստակի իր խնդիրը՝ ինչն է հնարավոր, լուծելի:
Չտանենք Արցախը նոր փորձության, այլ փրկենք նրան չարից: Մեր գործերով նեցուկ լինենք նրա՝ իր հողի վրա ապրելու, իր տունը չլքելու վճռականությանը: Մնացյալ ամեն ինչը ժամանակավրեպ է ու անիծված: