1.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :
— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ Իշխանն ասում էր,որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց,որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքը լիներ:
2․Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին:
Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
— Հա՜, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
3. Հոլովի՛ր ես, դու, նա դերանունները։
4․ Հիմնավորի՛ր տրված մտքերը
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:
Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա:
5․Ձեր դպրոցի մասին մանրամասն պատմի՛ր (ի՞նչ ես սիրում, ո՞րն է քո սիրելի անկյունը, ի՞նչն է քեզ տխրեցնում, ի՞նչ կուզեիր փոխել):