Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․
- հաստատական
- գնահատողական
- ժխտական
- սաստկական
- երկբայական
- սահմանափակման
- Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
- Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
- Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
- Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
- Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
- Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։
Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։
Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։
Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։
Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։
Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։
1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։
2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։
Վերաբերականների կետադրությունը
1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։
2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։
Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։
3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։
Առաջադրանքներ
1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։
2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։
4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ոչ դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք լուծում ունի այս հարցը:
5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է: