Բառը կամ բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք
և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։ Օրինակ` Արևը վերևից մեզ ժպտում է։
Նախադասությունը կազմվում է գլխավոր և երկրորդական
անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր
անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ո՞վ , ի՞նչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։
Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ` որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և պարագաներ։
Նախադասության տեսակներն ըստ կազմության
Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ` Քամին փչում է։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ, կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:
Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և
ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների
կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝ Սև ամպերը հետզհետե խտացան)։
Առաջադրանքներ:
Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:
Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:
Արևը լուսավորում է:
Ջուրը քչքչում է:
Շենքը ուներ:
Հայրը բարկացավ:
Նրանք պայքարեցին:
Հովիտները երևում էին:
Նա ուներ:
Թշնամին շրջապատել էր:
Ճյուղերը ջարդվել էին։
Առաջադրանքները՝ Կարինե Պետրոսյանի