
Նկարագիր
Սովորողը, դեռ վաղ տարիքից կամա թե ակամա շփվում է լեզվի հետ: Լեզվական կարողությունները զարգանում են վաղ հասակից՝ կրելով տարիքային, սոցիալական և այլ առանձնահատկություններ:
Մայրենի լեզվի ուսուցումը նախ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացումն է, որը անընդհատ է: Պետք է հստակ պատկերացնել, որ խոսքի զարգացումը ընթանում է ոչ միայն մայրենի լեզվի դասաժամին, այլ սովորողի ողջ օրվա, կյանքի ընթացքում:
Մայրենի լեզվի դասաժամին դասավանդողը տարբեր մեթոդներով, սովորողի տարիքային, անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով առաջարկում է բազմապիսի լեզվական աշխատանքներ:
Առաջադրանքների տեսակները
- Ընթերցանություն
- Գործնական քերականություն
- Վերլուծություն
- Ստեղծագործական աշխատանք
- Թարգմանություն
- Ձայնանյութեր
- Տեսագրություններ
- Թատրոն
Հայոց լեզվի ծրագիրը նպատակաուղղված է․
- մայրենի լեզվով (գրավոր և բանավոր) մտքերը, հույզերը, ասելիքը ճիշտ ու հստակ արտահայտելուն
- հասարակության մեջ մյուսների ասածները ճիշտ ըմբռնելուն, հասկանալուն
- հաղորդակցվելուն
- իրեն հետաքրքրող իրերի, երևույթների մասին տեղեկություններ ստանալուն
- լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
- այլ լեզուներից թարգմանություններ կատարելուն
- ինքնակրթվելուն
Ուսուցման խնդիրները
- բանավոր և գրավոր խոսքում ճիշտ արտահայտվելու գործուն համակարգի մշակում և դրա ճիշտ կազմակերպում
- սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով)
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում
Ուսուցման կազմակերպումը
Դասավանդողը․
- Իր բլոգում նախապես հրապարակում է նախագիծը, որը հիմնականում կազմված է լինում ըստ ուսումնական օրացույցի։
- Սովորողների հետ կարդում-քննարկում են նախագիծը։
- Հետևում, օգնում է սովորողների կողմից առաջադրանքների կատարմանը։
- Ստուգում է դրանք։
- Լավագույնները հրապարակում է ենթակայքում, ստեղծագործական, թարգմանչական ամսագրերում՝ <<Շողեր>>ում, <<Գրաշխարհ>>ում։ Ենթակայքից էլ աշխատանքները, կայքի խմբագրի ընտրությամբ, տեղափոխվում են գլխավոր կայք՝ MSKH։
Սովորողը․
- Կարող է կատարել դասավանդողի կողմից առաջարկած առաջադրանքները, որոնք հիմնականում ըստ ուսումնական օրացույցի կազմված նախագծեր են։
- Աշխատել անհատական նախագծով, որը ինքը (կամ սովորողների մի խումբ, ուսուցիչը, ծնողը, կրթահամալիրը և այլն) է կազմել-առաջարկել։
- Ընթացիկ աշխատանքները, արդյունքները հրապարակել իր բլոգում։
- Դասավանդողի պահանջով ուղարկել նրա էլ․ հասցեին։
- Դասավանդողի՝ աշխատանքը ստուգելուց հետո իր բլոգում հրապարակել ստուգված տարբերակը։
Ինչպիսի՞ն են առաջադրանքները
Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում:
Առաջադրանքները պետք է․
- այնքան մատչելի լինեն, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել
- համապատասխանեն սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին
- նպաստեն սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը
- լինեն սովորողի ընտրությամբ (անհատական նախագծեր)
Լեզվագործունեության տեսակները
- Ստեղծագործական առաջադրանքներ (պատումներ, հորինվածքներ)
- Վերլուծություններ
- Բառարանային աշխատանք
- Հարցազրույցներ
- Թարգմանություններ
- Լեզվական առաջադրանքներ
- Ֆլեշմոբեր
- Քննարկումներ
- Բանավեճեր
- Տեսանյութերի ստեղծում
- Ձայնագրություններ
- Խմբագրական աշխատանք
Շարունակելի․․․
Օգտվել եմ <<Մայրենի լեզվի հիմնական ծրագրից>>։