Կրթահամալիրում սովորել ցանկացող սովորողների առօրյան բազմաբնույթ է: Ճամբարային քառօրյա օրերի ընթացքում փորձում ենք նոր սովորողներին ծանոթացնել սեբաստացիական՝ իրենց համար անծանոթ ու նոր աշխարհի հետ: Աշխատանքը սկսեցինք բլոգների և էլեկտրոնային հասցեների բացումով: 9-րդ դասարանցիները ներկայացրին, թե ինչ է բլոգը, էլ. հասցեն, ինչպես են աշխատում բլոգում և այլն: Այնուհետև շրջեցին Մայր դպրոցով, 9-րդ դասարանցիները նրանց ծանոթացրին Մայր դպրոցի ուսումնական և ոչ ուսումնական տարածքների հետ: Շրջայցին հաջորդեց երգուսուցումը:
Ուսումնական աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է շրջակա միջավայրի խնամքը: Օրերից մեկն սկսեցինք Միջին դպրոցի բակային տարածքը բարեկարգելով:
Սովորողների հետ եղանք Սարալանջում և Խաղողի և գինու դպրոցում: Այդ ճանապարհն իհարկե պետք է անցներ տիկին Շողիկի լաբորատորիայով: Խաղողի և գինու դպրոցում ծանոթացանք խաղողից գինի ստանալու տեխնոլոգիայի հետ, եղանք մառանում: Շատ տպավորված էին սովորողները:
Մեր ճամբարային ժամերից մեկն էլ տրամադրեցինք կավին, բակային խաղերին և ընթերցանությանը:
Մի ամբողջ օր անցկացրինք լողավազանում և Ագարակում: Ծանոթացանք Ագարակի բնակիչների հետ, ձի վարեցինք:
Ճամբարի երկրորդ փուլն արտագնա ճամբարն է: Սովորողների մի մեծ խումբ արդեն եղել է Ծովինարում, մի մասն էլ պատրաստվում է Արատես մեկնել: Տպավորված էին սովորողները, ճամբարից չէին ուզում տուն գնալ: Սիրեցին դպրոցը, ինչը շատ կարևոր է: Սպասում ենք ձեզ…