1. Ծանոթանալ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին,  անդրադառնալ նաև կրթահամալիրի գնահատման փորձին և կատարել դիտարկում-առաջարկներ:

Կարդացի, ծանոթացա սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին: Տեսա մի շարք նմանությունների կրթահամալիրում բազմաթիվ տարիներ իրագործվող գնահատման սկզբունքների հետ, օրինակ՝ կրտսեր դպրոցում (փաստաթղթում՝ մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը) գնահատանիշի բացակայությունը, աճի բնութագրերի առկայությունը, 7-12-րդ դասարաններում տարեկան գոնե մեկ նախագծի իրականացումը:

Ինձ համար նորություն էր այն, որ տասը միավորանոց սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Զարմացա, քանի որ մինչ այժմ մեզանում ընդունված է, որ միավորային սանդղակում մինչև չորս միավորը անբավարար է:

Անդրադառնալով ուսումնական արդյունքների գնահատման կրթահամալիրային փորձին (այնքանով, որքանով ծանոթ եմ)` գնահատման ամենաարդյունավետ միջոցը համարում եմ ինքնագնահատումը: Կարծում եմ՝ ինքնագնահատումը, գնահատման այլ համակարգերի հետ համեմատած, ամենալավն է արտացոլում սովորողի կատարած աշխատանքը: Մի բան է, երբ սովորողը կատարում է աշխատանքը, այն ուղարկում դասավանդողին, դասավանդողն է ստուգում-գնահատում, այլ բան է՝ երբ սովորողը, կատարելով աշխատանքը, ինքն է համեմատում իր աշխատանքը «ճիշտ» աշխատանքի հետ, տեսնում, թե ինչն է լավ կատարել, ինչը՝ թերի, և ինչն է, որ չի կատարել: Գնահատման, աշխատանքի արդյունքի ներկայացման մյուս արդյունավետ ձևը համարում եմ «նյութական, տեսանելի» որևէ աշխատանքի ծնունդը՝ ցուցադրություն, ներկայացում, ամսագրային գործունեություն և այլն: Գիտենք, որ ուսումնական գործունեության նմանօրինակ աշխատանքները խրախուսվում են կրթահամալիրում, երբեմն՝ արժանանալով որևէ մրցանակի: Ընդհանրապես, գնահատմանը նայում եմ որպես գործիքի, որը պետք է օգնի, որ սովորողը սիրի, ցանկանա սովորել, ոչ թե պատժի նրան: Երևի այսքանը:

2․ Կարդա՛լ հոդվածներից առնվազն երկուսը, հրապարակել բլոգում, գրախոսել։

Ընտրեցի Սուսան Մարկոսյան՝ հատվածներ Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից հոդվածը: Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ հեղինակի մտքերի հետ, բայց թերի է այն, որ հեղինակը լուծումներ չի առաջարկում (այս հատվածում): Համամիտ եմ, որ սովորողը, և ոչ միայն սովորողը, նաև՝ ծնողը, դասավանդողը, մեծ կախվածություն ունի ուսուցչից, ծրագրից, գնահատման համակարգից և մի շարք այլ մեխանիզմներից, բայց մյուս կողմից էլ լուծում չեմ տեսնում: Այո՛, սովորողին տրվում-պարտադրվում է որևէ ծրագիր՝ պետական կամ այլընտրանքային, կապ չունի, այնուհետև կատարվում է դրա գնահատումը կամ ինքնագնահատումը (կրթահամալիրի դեպքում) և դրվում է ինչ-որ գնահատանիշ: Եթե փորձենք դեմ գնալ այս համակարգին, սովորողներին «չխմբավորենք» ըստ տարիքի, այլ դա կատարենք ըստ նրանց ցանկությունների, նախասիրությունների, որքանո՞վ կհաջողենք: Բոլորս էլ գիտենք, որ մարդը, մանավանդ երեխան, այնքա՜ն անկանխատեսելի է: Այսօր սա է ընտրում, սա է ուզում սովորել, բնավորության այս կամ այն գծերն են ցցուն, վաղը՝ լրիվ հակառակը: Կարո՞ղ է դպրոցը, դասավանդողը, ուսումնական ծրագիրը հասցնել կարգավորել-դասդասել ամեն սովորողի նմանօրինակ զարգացումը: Շատ հաճախ անգամ ծնողները դա անել չեն կարողանում՝ ունենալով մեկ կամ մի քանի երեխա:

Մեր կրթահամալիրը, քիչ թե շատ, փորձում է այս ճանապարհով գնալ: Ուսումնական ծրագրերն են մոտեցված-հարմարեցված սովորողի տարիքային առանձնահատկություններին, սովորողն ունի նախագծերն ընտրելու հնարավորություն, ունի շաբաթական չորս դասաժամ ընտրության մեծաքանակ ցուցակից ընտրելու հնարավորություն և այլն: Արդյո՞ք գոհ ու երջանիկ են սեբաստացի սովորողները, ծնողները, դասավանդողները…Դժվար է ասել…

Իմ ընտրած երկրորդ հոդվածն է՝ Ձևավորող կամ ուսուցանող՝ կառուցողական գնահատում-Նունե Մովսիսյան : Հոդվածը շատ հոգեհարազատ էր: Ինձ հետաքրքրեցին կառուցողական ուսուցման և գնահատման քայլերը: Կառուցողական ուսուցման գնահատման բոլոր ձևերն էլ իրականացվում են կրթահամալիրում, իմ ուսումնական գործունեության մեջ՝ դրանց մեծ մասը: Ասեմ, որ օգտակար էր նաև հեղինակի կողմից առաջարկվող և Ավագ դպրոցում գործածվող գնահատման գործիքակազմը: Ինքս էլ, սովորողին գնահատելիս, ենթագիտակցորեն առաջնորդվում եմ գնահատման սանդղակի նմանատիվ մոդելով, բայց ոչ մի անգամ չեմ մտածել մտքումս եղածը նման հիմնավոր և գործուն սանդղակի բերելու մասին: Շնորհակալ եմ, տիկին Նունե ջան, կարծում եմ՝ կօգտվեմ Ձեր սանդղակից (եթե դեմ չեք):

3․ Բլոգում ներկայացնել գնահատման սեփական փորձը, հաջողությունը։

Ուսումնական աշխատանքում ինձ համար ամենատհաճ, չսիրված աշխատանքը գնահատումն է, ավելի ճիշտ՝ գնահատանիշ դնելը: Շատ դժվար է սովորողի կատարած աշխատանքը միավորներով ներկայացնելը: Կրկնակի դժվար է այդ աշխատանքը, երբ սովորողներդ նոր են, չես հասցրել կամ մասամբ ես հասցրել ծանոթանալ նրանց հնարավորություններին: Ասեմ, որ կրթահամալիրի Միջին դպրոցում գնահատումը ամենամսյա է: Որքան էլ դասարանում և տանը փորձում ես հետևել, թե ով ինչ արեց, ինչ որակով, այնուամենայնիվ սովորողների թիվը մեծ է, դժվար է այդքանին հետևել: Սա էր պատճառը, որ գործընկերներիս խորհրդով արդեն որերորդ տարին է ամենամսյա գնահատման հատուկ ձևաթուղթ եմ պատրաստում, ուր սովորողները լրացնում են այդ ամսվա բոլոր աշխատանքերի հղումները, վերջում և՛ սովորողը, և՛ ծնողը ընտրում է ամսական գնահատանիշը: Ճիշտ է, ժամանակ ես ծախսում այդ ձևաթուղթը կազմելու վրա, բայց արդյունքում աշխատանքդ մի քանի անգամ հեշտանում է: Ահա այդպիսի ձևաթղթի օրինակ: