
1.Կարդա՛լ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ
Կարդացի Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը։ Նախագծային ուսուցումը մեր առօրյայի մի մասն է։ Օրն սկսվում և ավարտվում է նախագծով։ Նախագծային ուսուցման մեջ ինձ համար ամենադժվար բաղադրիչը նախագիծն ամփոփելն ու գնահատելն է։
Կրթահամալիրում ամեն ինչն է «նախագծային»։ Նախագծերի բազմազանությունից և առատությունից երբեմն խճճվում ես։ Ինձ համար նաև դժվար է մի նախագծից մյուսին անցնելը։ Լինում են շրջաններ, երբ նախագծերի տարափ է լինում, չգիտես՝ որն անես, որը՝ թողնես, չես հասցնում, և արդյունքում բոլոր նախագծերը մի տեսակ կիսատ-պռատ են ստացվում։ Նման իրավիճակից ես նեղվում եմ։ Առաջարկում մի փոքր թեթևացնել ուսումնական օրացույցը։
2. Կարդա՛լ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝
- Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում-Մարգարիտ Սարգսյան
- Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան
- Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան
- Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է -Աշոտ Բլեյան, Գևորգ հակոբյան, Սուսան Մարկոսյան
Կարդացի բոլոր հոդվածները։ Ուզում եմ խոսել Աշոտ Բլեյանի, Գևորգ Հակոբյանի և Սուսան Մարկոսյանի «Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է » հոդված-դիտարկման մասին։ Խոսքը համաճարակային իրավիճակում տանը մեկուսացած սովորողների կրթության, ինքնակրթության, դրանց՝ ընտանիքի անդամների մասնակցության մասին է։ Հասարարակությունը պետք է հասկանա, որ ուսուցումը վաղուց դուրս է եկել «մի քանի գիրք-ձեռնարկ», «մեկ ուսուցիչ» ձևաչափից։ Երեխան, սովորողը կարող է ցանկացած բան սովորել ոչ միայն ուսուցչից, այլ ծնողից, հարազատից, ծանոթից։ Կարանտինային նոր իրավիճակին չպետք է մոտենալ որպես ահավոր արտառոց վիճակի, այլ պետք է փոխել դիտակետի ուղղությունը՝ այն գործածելով սովորողի օգտին։ Օրվա ընթացքում քանի՞ ծնող է նստում իր երեխայի կողքը և նրան փոխանցում իր իմացածն ու իր հմտությունները։ Կարծում եմ՝ շատ քիչ։ Իսկ ինչո՞ւ՝ քիչ։ Որովհետև «ժամանակ չկա»։ Ահա, ստեղծվել է մի իրավիճակ, որ շա՜տ ժամանակ կա, մի՛ թերագնահատեք ձեզ, հարգելի՛ ծնողներ, և սովորեցրեք ձեր երեխաներին, այն , ինչ գիտեք։ Նաև մի՛ թերագնահատեք ինքնակրթությունը։ Այն շա՜տ հզոր զենք է, իսկ ինքնակրթվելու գործիքներն էլ հիմա բազմազան են։ Այսուհետ, պետք է դեն նետել հին գործիքակազմը և վերցնել, ձեռք բերել նորը։