Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել։

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Տևել է 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Հարսանեկան բուն նախապատրաստություններ

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները  կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ 

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը:

Սրան հաջորդում է «Խոսքկապը»-ը` նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: 

Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է Նշանադրություն, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:

«Հղե կտրել»՝ այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:

Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:

Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ։ Խոսքը «շորձևքի»-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա «ազբանստումի»-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին: 

Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը: Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու: Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:  Թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»: Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է հարսանիքի սկիզբը։ 

Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին՝ հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:

Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։  Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով՝ մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն:

Ճիշտ է, ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում՝ մի կլորիկ գումար ստանալուց հետո կամ «դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը: 
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են «մի բարձի ծերանաք» արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված «Թամադան»: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: 
Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին: