Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր: