Սեպտեմբերի 14-ին «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում» կայացավ Արցախյան առաջին պատերազմում հերոսացած զինվորներից մեկի մոր՝ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին մասնակցում էին հայաստանյան դպրոցների, ամենատարբեր գրադարանների գրադարանավարներ, գրախոսներ, հյուրեր։

Գիրքը նվիրված է Արցախյան առաջին պատերազմի անմահացած զինվորներին։ Ահռելի աշխատանք է կատարել Գոհար Մարտիկյանը։ Այցելելով զոհված ազատամարտիկների ընտանիքներ՝ գրի է առել ընտանիքի պատմությունը, մանրամասներ զինվորի կյանքից, պատմել նրանց մարտական հաջողությունների մասին։ Գիրքը կարևոր է նրանով, որ բանահավաքչական հսկայական աշխատանք է արված։ Թերթեցի գիրքը, կարդացի որոշ գլուխներ․ շատ հուզիչ, հոգեցունց պատմությունների արանքում հանդիպեցի պատմական, աշխարհագրական, հայրենագիտական հետաքրքիր բացահայտումների։ Վերջում էլ գիրքը նվիրեցին կրթահամալիրին «Տիգրան Հայարապետյան» գրադարանին։