Արդեն որերորդ ամիսն է ամենատարբեր աղբյուներից ականջիս են հասնում վիրավորված ինքնասիրությամբ ուսուցիչների բողոքն ու հուսահատ ճիչը։ Ինքս որոշեցի ծանոթանալ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ին և հասկանալ, թե ինչն է այդպես վիրվորում ուսուցիչ-մասնագետներին, ովքեր, բոլորս էլ գիտենք, թե ինչ պայմաններում և ինչ աշխատավարձով են մտնում դպրոց-դասարան։ Կարգն ընթերցելուց հետո հասկացա, որ ամեն ինչ փակուղի է մտել՝ նմանվելով մի շրջապտույտի, որը միշտ նույն տեղն է տանում։ Ավելի մանրամասնեմ։ Ինքս հայոց լեզվի և գրականության ուսուցիչ եմ։ Նախարարությունը, աշխատավարձս բարձրացնելու համար, առաջարկում է թեստավորվել հայոց լեզու առարկայից (իսկ գրականությու՞նը)։ Այսինքն՝ թեստ հանձնել և ստուգել գիտելիքների այն պաշարը, որն ստուգել են դեռ ընդունելության քննության ժամանակ, համալսարանն ավարտելիս։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում, քո ողջ կյանքի ընթացքում քեզ՝ որպես մասնագետի, ընդամենը պետք էր անգիր իմանալ հայոց լեզվի կանոններն ու վերջ։ Եվ այդ կանոնների անթերի իմանցությունը բավարա՞ր է, որ ես կարողանամ «հետաքրքիր լինել» այսօրվա երեխային։ Այն երեխային, ով լրիվ այլ պահանջերով, հետաքրքրությամբ, աշխարհայացքով է մտել դպրոց։ Ի՞նչ է՝ այսօրվա սովորողի, վաղվա հասուն քաղաքացու պահանջները միայն լեզվական կանոններն անգիր անե՞լն ու անթերի գրել-կարդա՞լն է։ Մենք այդպիսի՞ քաղաքացի ենք ուզում մեր վաղվա օրվա համար։ Չեմ կարծում։ Չէ՞ որ կրթությունը, հմտությունը, գիտելիքը վաղուց դուրս են եկել գիրք-տետր-մեկ գիրք-մեկ ուսուցիչ տրամաբանությունից։ Մարդը, երեխան ամեն րոպե է զարգանում՝ քայլելով, զրուցելով, ճամփորդելով, ընթերցելով, խաղալով, իսկ մենք որոշել ենք նրան նստեցնել և լեզվական կանոններն անգիր տալ։
Մյուս կողմից՝ այս ամենը շատ վիրավորական է։ Ձեռքդ ունենալով պետական ավարտական վկայական՝ կասկածի տակ է դրվում քո մասնագիտական իմացությունը, ասվում՝ պետք է տեստ հանձնես, տեսնենք՝ կարո՞ղ ես, թե՞ ՝ ոչ՝ կասկածի տակ դնելով պետության կողմից հանձնված վկայականը։ Մյուս կողմից՝ այն դիմորդները, ովքեր մեկ կամ մի քանի տարի շարունակ անգիր են անում տեստերը, որպեսզի քննություն տան, կարո՞ղ են ուսուցիչ աշխատել, քանի որ անթերի կհանձնեն հայոց լեզվի թեստը։ Մի՞թե նրանք ավելի լավ ուսուցիչ կլինեն, քան այն մարդիկ, ովքեր աշխատում են իրենց մասնագիտական զարգացման վրա՝ նախագծեր են մշակում, ճամփորդում, ինքնակրթությամբ զբաղվում, անընդհատ աշխատում հետաքրքիր լինել այսօրվա համառ, հետաքրքրասեր, զարգացած սովորողին։ Չեմ կարծում։
Читать далее «Դպրո՞ց, թե՞ կյանք» →