Տիարի հետ ճամփորդելն ուրի՜շ հաճույք է։ Հերթական անգամ համոզվեցի, որ «մեծ» հայրենագետ է տիարը։ Ո՞նց պետք է սիրես հայրենիքդ, եթե լավ չես ճանաչում այն։ Նույն զարմանքն ու հրճվանքը սովորողներիս աչքերում տեսա․ այլ տիարի էին հանդիպել ու կարծես մի տեսակ զարմացած-մոլորված էին։ Առաջին կանգառը Ծովակալ Իսակովի պողոտայում էր՝ հուշարձանի մոտ՝ Հրազդանի ափին։

Այստեղ հանդիպեցին վարպետ Միհրանին։ Ինձ թվաց՝ վարպետը ճանաչում է տիարին՝ այնպես աննկատ խառնվեց մեր խմբին ու դարձավ մեր ճամփորդ խմբի ուղեկիցը։ Առաջարկեց քարանձավ իջնել, ինչն էլ շատ ոգևորեց սովորողներին։ Իջանք, ու ի՜նչ․․․

Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ կարող ես նման վայրում հայտնվել՝ անգամ Երևանից դուրս չգալով։ Իսկական հրաշք էր․․․

Մեր նոր մենթոր-ուսուցիչը՝ նորագյուղցի վարպետ Միհրանը, իր ներկայությամբ ու խորհուրդ-խրատներով մի նոր հմայք հաղորդեց մեր այս արկածին։

Այնուհետև քայլքը շարունակվեց Նորագյուղով, Հաղթանակ կամրջով, Հրազդանի կիրճով, Մանկական երկաթուղով, Կոնդով և ավարտվեց Սարյան փողոցում։ Պատկերներն անընդհատ փոխվում էին՝ մեկ կամրջի տակ ենք, մեկ՝ կամրջին, գետի մի ափից հայտնվում ենք մյուս ափին, մեկ՝ բարձրահարկ երկնաքերեր են, մեկ էլ՝ Երևանի ամենահին թաղամասը։

Այն, որ քայլքի յուրաքանչյուր մասնակից «ուրիշ» Երևան բացահայտեց, դա ակնհայտ էր։ Ում համար ինչպիսին էր մարտի 10-ի Երևանը՝ կկարդանք պատումներում։ Դժվար է ասել, թե ով ինչ վերցրեց այս քայլքից, բայց ես մի քանի կարևոր կետ առանձնացրի ինձ համար․

  • մենք վատ գիտենք մեր երկիրը, քաղաքը և այն, ինչ հաճախ հեռուներում ենք փնտրում, կարող է «թաքնված» լինել մեր կողքին
  • պետք է շատ քայլել երեխաների հետ, պետք է վերցնել նրանց ու պարզապես դուրս գալ փողոց՝ հիշելով, որ այս սերնդի կապը դրսի, բակի, արտաքին աշխարհի հետ քիչ է, իսկ դա մեծ բացթողում է
  • պետք է սովորեցնել նրանց «տեսնել» շրջապատը, նայել շուրջբոլորը, գնահատել, եզրահանգումներ անել, հարցեր տալ
  • պետք է սովորեցնել չվախենալ ու չկաշկանդվել կարծիք հայտնելուց (եթե անգամ պատանեկան-անցումային տարիքում են), ավելի համարձակ լինել, չբարդույթավորվել: