Միսաք Մեծարենց
Անանուն
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:
Վահան Թեքեյան
Անունդ
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։
Ես սիրեցի
Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։
Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։
Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։
Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս․
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։
Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․։
Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։
Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
Մատթեոս Զարիֆյան
Կը սիրեմ․․․
Կը սիրեմ իրեն
Գիշե՜ր նայվածքին
Տաղերը մեկին․․․
Կը սիրեմ իրեն
Անդո՜ւնդ մազերուն
Նվագն օրորուն․․․
Կը սիրեմ իրեն
Ծոծրակը ձյունե
Որ երա՜զ մըն է․․․
Ու շա՜տ կը սիրեմ
Իրիկնամուտին՝
Համբույր մ’իր ճակտին․․․
Բայց ամենեն շատ
Կը սիրեմ իրեն
Արցու՜նքն հոգիեն․․․
Միայն թե…
Ճերմա՛կ աղջիկ, ինծի կ’ըսես
Ականջս ի վար,
Որ ըլլաս փոքր իմ սիրահա՛ր
Տրտումներես։
Եղի՛ր։ Միայն թե կը լըսե՞ս
Ողբն անտառին…
Հովերն աշնան անկե առի՜ն
Երազն իր վես.
Իմ սիրտս է ճի՛շտ անտառին պես․․․
Միայն քե՛զ․․․
Կես-գիշերի երկընքեն՝
Լըռությունով մը անբավ՝
Աստղե՛րն անգամ քե՜զ կ’երգեն․․․
Ու մենավոր թուփերեն՝
Լըռությունով մը անբավ՝
Վարդերը քե՜զ կը բուրեն…
Ու մինչ կ’երթամ հովին դեմ՝
Լըռությունով մը անբավ՝
Ես միայն քե՜զ կաղոթեմ…