
1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել․
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կրթության հատուկ կարիք ունեցող սովորողի ներկայությունը հանրակարթական դպրոցում, դասարանում կարևոր է և՛ այդ սովորողի համար, և՛ դասարանում սովորող մյուս երեխաների համար։ Այն հոգածությունն ու խնամքը, որ ցուցաբերում են դասարանում սովորող մյուս երեխաները այդ երեխայի նկատմամբ, մանկավարժական շատ խնդիրներ է լուծում։ Կարևոր է, որ մեր կրթահամալիրում կան լրացուցիչ կրթության բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ սովորողների համար՝ կավ, լող, շփում կենդանիների, բույսերի հետ։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմվող անհատական պլանն ու աշխատանքների փաթեթը շատ կարևոր են։ Վատ է , որ այդ աշխատանքները պատրաստելու համար դասավանդողները չեն վճարվում, կամ՝ մի քանի ամիսը մեկ սիմվոլիկ գումար են ստանում։
2․ Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածներից մեկը կամ տեսանյութը․
- Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան
- Ներառական կրթություն. կանադական փորձից, թարգմանություն ֆրանսերենից՝ Աննա Մարության
- Լավ ընկերը
Կարդացի «Ներառական կրթություն. կանադական փորձից», հոդվածը , որը ֆրանսերենից թարգմանել է Աննա Մարությանը։
Ասեմ, որ ամենից շատ ինձ դուր եկավ այն, որ «ներառական կրթություն» ասելով՝ հեղինակը ի նկատի չուներ ուսումնառության հատուկ կարիք ունեցող երեխաներին, այլ մոտեցումը հետևյալն էր, որ յուրաքանչյուր սովորող ունի առանձնահատուկ կրթության, ներառականության իրավունք, որ դասավանդողը դասարանում պարտավոր է բոլոր երեխաներին առաջարկել-հանձնարարել այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորություն կտան սովորողին ներառվելու, իր հնարավորությունները բացահայտելու, սովորելու։ Մենք, թերևս, այս հարցին այլ կերպ ենք նայում։ Կազմում ենք առաջադրանքներ, որոնք ընդհանուր են բոլոր սովորողների համար, և մի փաթեթ էլ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների համար։ Մինչդեռ մենք հաշվի չենք նստում այն փաստի հետ, որ դասարանում յուրաքանչյուր սովորող և, ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ, առանձնահատուկ է յուրովի։ Եվ հենց այս հանգամանքի չգիտակցելն ու սովորողներին երկու բանակի բաժանելը՝ կրթության հատուկ կարիք ունեցողների և չունեցողների, մեզ բերում-կանգնեցնում է փաստի առաջ։ Փաստորեն, հենց մենք՝ մեծահասակ-մանկավարժներս ենք ստեղծում այդ անդունդը և հետո փորձում, իբր թե, լցնել այն։
3Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում:
Ներկայացնում եմ իմ նախկին սովորողներից մեկի՝ Արամե Թադևոսյանի հետ կատարած առաջադրանքներից։ Ասեմ, որ Արամեին դասավանդել եմ յոթերորդ դասարանից սկսած։ Նա շատ կամակոր էր, խնդիրներ էր ունենում դասընկերների հետ, դասարանում միշտ մենակ էր նստում, չէր ներառվում։ Երբ որոշեցի աշխատել իր հետ, ընդվզում էր, ասածս չէր անում։ Հետո կամաց-կամաց սկսեց վստահել ինձ։ Արամեն շատ էր սիրում գրքեր։ Նրան կարող էիր գրադարանում հաճախ հանդիպել՝ գրքեր էր թերթում, նկարերը նայում։ Հենց դա էլ ինձ պետք էր։ Բռնեցի թելը և սկսեցի։ Առաջին օրն ասացի, որ գնա և իր սիրած գիրքը գրադարանից վերցնի։ Ուրախացավ, հաջորդ օրը գիրքը ձեռքը եկավ։ Նախ սկսեցինք նկարները նայել, հետո ասացի, որ ինձ շատ է հետաքրքրում, թե ինչի մասին է այս գիրքը։ Որոշեց կարդալ։ Բարակ գիրք էր, դասի ժամանակ կարդաց, պատմեց։ Հետո ես իրեն գիրք տվեցի և խնդրեցի, որ կարդա առակները։ Կարդաց, դասի ժամանակ դժվարությամբ պատմեց։ Հետո համոզեցի, որ նկարահանեմ։ Եվ նկարահանեցի։ Այսպես սկսեցինք Արամեի հետ աշխատել։ Հետո նաև գրեցինք։ Ահա ներկայացնում եմ Արամեի հետ կատարած աշխատանքներից մի քանիսը։ Ափսոս, որ հետո՝ կորոնավիրուսի ժամանակ, կորցրի աԱրամեին։ Դասին չէր միանում, չուներ ուսումնական գործիք․․․